Ավստրիայից անչափահաս երեխաներ ունեցող 3 ընտանիքի արտաքսումը Հայաստան և Վրաստան քաղաքական սկանդալ է առաջացրել. EurAsia Daily

14:33 • 29.01.21

Ավստրիայից անչափահաս երեխաներ ունեցող երեք ընտանիքի արտաքսումը Վրաստան և Հայաստան քաղաքական սկանդալի պատճառ է դարձել: Այս մասին գրում է EurAsia Daily-ն:

Հիշեցնենք՝ նախորդ օրը Ավստրիայից Վրաստան և Հայաստան էր արտաքսվել երեք ընտանիք, այդ թվում՝ երեք դեռահասներ, որոնք դպրոց էին հաճախում Վիեննայում և Ստորին Ավստրիայում: Անչափահասների տեղահանումը բողոքի ալիք էր առաջացրել այն մարդկանց մոտ, որոնք ծանոթ էին ընտանիքների հետ: 

Այս առնչությամբ մոտ 160 մարդ ինքնաբուխ բողոքի ակցիա է կազմակերպել Վիեննայում՝  արտաքսվղների պահման վայրի մոտ: Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել՝ փողոցը զամբյուղներով և աղբարկղերով փակել փորձող ցուցարարների նկատմամբ: 

Նշվում է՝ արտաքսման հրամանից հետո տեխնիկական խնդիրներ են առաջ եկել, ինչի պատճառով դեռահասները երեք ժամ ստիպված են եղել անցկացնել կալանավորների տեղափոխման համար նախատեսված մեքենայում՝ նախքան օդանավակայան տեղափոխվելը:

Դպրոցականների արտաքսումը տարաձայնություններ է առաջացրել նաև Ավստրիայում իշխող կոալիցիայի շրջանակներում: 

«Այստեղ Ավստրիայում մեծացած և լավ ինտեգրված սովորողներին արտաքսելու իրավական պարտավորություն չկա ու հատկապես համավարակի ժամանակ: Մենք բոլորս էլ մարդ մնալու քաղաքական պարտավորություն ունենք», - դեպքի առնչությամբ ասել է Կանաչների փոխկանցլեր Վերներ Կոգլերը:

Այնուամենայնիվ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, երկրի ներքին գործերի նախարար Կառլ Նեեմմերը լրագրողներին հայտնել է՝ «որոշումը երկրի Գերագույն դատարանինն է, որը մի քանի անգամ այն վերանայել է: Ոստիկանությունը պետք է կատարի հրամանը»:

Տեղի ունեցածի առնչությամբ որոշակի մանրամասներ է հայտնել Mittagsjournal-ը: Ըստ թերթի տեղեկությունների՝ տեղահանված ընտանիքներից մեկը, որտեղ կա 12-ամյա դեռահաս, 2015-ին ներկայացրել էր ապաստանի առնչությամբ առաջին դիմումը, որը մերժվել էր: Միաժամանակ վրացական ընտանիքը շարունակել էր ապրել Ավստրիայում: Դաշնային վարչական դատարանը բացատրել էր, որ ընտանիքի բնակության տևական ժամանակահատվածը պայմանավորված էր նրանով, որ գաղթականները կտրականապես դեմ էին պաշտոնական պահանջներին ու բազմիցս վիճարկել էին դատական որոշումները:

Իրավիճակն այնքան էր սրվել, որ դեպքին նույնիսկ ստիպված էր եղել արձագանքել Ավստրիայի նախագահ Ալեքսադեր վան դեր Բելլենը:

«Ես չեմ կարող և չեմ հավատում, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իրոք անհրաժեշտ է գործել նման ձևով: Խորապես ցնցված եմ: Մենք պետք է գտնենք միմյանց հետ շփվելու մարդկային, հարգալից փոխգործակցության միջոցներ: Հատկապես, երբ երեխաները ստեղծված իրավիճակում հիմնական տուժողներն են»,- մանրամասնել էր նա: