Լուկաշենկոն հայտարարել է, որ սոցիալական ցանցերում գրաքննության անհրաժեշտություն է տեսնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սոցիալական ցանցերում գրաքննության անհրաժեշտություն է տեսնում, բայց նաև խոստովանել է, որ Մինսկը չի կարող այս գործընթացի նախաձեռնողը դառնալ: Այս մասին գրում է Belta-ն, նշելով՝ երկրի ղեկավարը նման տեսակետ է հայտնել ուսանողների հետ հանդիպման ընթացքում:
Պատասխանելով ուսանողների հարցին՝ Լուկաշենկոն նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Բելառուսում այս ոլորտում լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն` պետության և ժողովրդի շահերի պաշտպանության համար:
Պետության ղեկավարն այն կարծիքին է, որ ժամանակի ընթացքում երկրները կսկսեն գրաքննություն ներդնել սոցցանցերում: Բայց, ինչպես ընդգծել է նա, Բելառուսը չի կարող այս գործընթացի նախաձեռնողը լինել:
«Ամենայն հավանականությամբ, գործընթացը պետք է սկսի նա, որը լույս աշխարհ է բերել այս օձին և բաց թողել այն շշի միջից: Մենք ընդհանրապես չենք կարող դա անել»,- հստակեցրել է նախագահը:
«Սոցցանցերի և մեսենջերների շնորհիվ մենք այժմ կարող ենք մոլորակային հեղափոխություն ծնել: Դուք տեսնում եք, որ այսօր բոլոր երկրներում են նմանատիպ իրադարձություններ տեղի ունենում, որոնք վերահսկվում են այս ցանցերի միջոցով, այլ ոչ թե` տեղից: Ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ էր. ամեն ինչ վերահսկվում էր Լեհաստանի և Լիտվայի տարածքից: Այնպես որ, այո՛, մենք այս որոշումների ընդունման նախաշեմին ենք: Այնուամենայնիվ, դրանք պետք է սկսվեն այս աշխարհի հզորներից»,- ամփոփել է նա:










