Չինական ինքնաթիռները զորավարժությունների ընթացքում ամերիկյան ավիակրի վրա հարձակման նմանակում են արել
Չինական ինքնաթիռները Թայվանի հակաօդային պաշտպանության գոտում վարժանքների ժամանակ մերձակա ամերիկյան ավիակրի վրա հարձակման նմանակում են արել: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հետախուզական տվյալներին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պարբերականի զրուցակիցները, որոնք ծանոթ են եղել հետախուզական տվյալներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից երեք օր անց: Նրանց խոսքով ՝ այդ օրը Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը 11 ինքնաթիռ է ուղարկել Թայվանի հակաօդային պաշտպանության գոտու հարավարևմտյան հատված, իսկ հաջորդ օրը՝ ևս 15-ը:
Ըստ աղբյուրների՝ ռմբակոծիչները և զորավարժություններին մասնակցող մի քանի կործանիչներ «նույն տարածքում որպես մոդելացված թիրախ են օգտագործել ամերիկյան նավերի մի խումբ՝ USS Theodore Roosevelt ավիակրի գլխավորությամբ»:
ԱՄՆ-ի և դաշնակիցների հետախուզական տվյալներին ծանոթ անձանց խոսքերով՝ չինական Xian H-6 ռեակտիվ ռմբակոծիչների օդաչուները հաստատել են թիրախային հրամաններն ու ավիակրի վրա հականավային հրթիռի ենթադրյալ արձակումը:










