Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է ԱՄՆ. հայտնաբերվել է 2 վարակակիր

10:42 • 29.01.21

Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկրի Հարավային Կարոլինա նահագնում արդեն իսկ հայտնաբերվել է 2 վարակակիր: Այս մասին գրում է ABC-ն:

Նահանգի առողջապահության և շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի տեղեկություններով՝  վարակակիրները տարածաշրջանի տարբեր հատվածներից են ու որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Միևնույն ժամանակ նրանցից ոչ մեկը վերջին շրջանում չի ճանապարհորդել:

«Սա վախեցնում է, քանի որ նշանակում է, որ նահանգում կարող են լինել ավելի շատ չբացահայտված դեպքեր: Մուտացիայի հայտնաբերումը ցույց է տալիս, որ այս մահացու վիրուսի դեմ պայքարը դեռ ավարտված չէ: Չնայած ավելի շատ COVID-19 պատվաստանյութեր են մատակարարվում, միևնույնն է՝ դրանց քանակը դեռևս սահմանափակ է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նորից լծվի պայքարին՝ գիտակցելով, որ այժմ բոլորս առաջնագծում ենք: Բոլորս այս հարցում միասին ենք», - դեպքի առնչությամբ հայտարարել է Չարլսթոնի Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բժիշկ դոկտոր Կրուտիկա Կուպալլին: 

Նշենք՝ հիվանդների վերաբերյալ տվյալները չեն բացահայտվում, հայտնի է միայն, որ նրանք չափահաս են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2020 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: