Վրաստանը պարզեցնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները. պարտադիր ինքնամեկուսացումը չեղարկվում է
Վրաստանի կառավարությունը պարզեցնում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները: Այս մասին տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը:
Այսօր, հունվարի 29-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ բոլոր երկրների քաղաքացիները, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կարող են առանց արգելքի մուտք գործել Վրաստան:
Նախարարը նաև նշել է այն երկրները, որտեղից այցելուները կկարողանան մուտք գործել առանց պատվաստումների, բայց սահմանին պետք է անցնեն թեստ, իսկ երեք օր հետո Վրաստանում թեստը պիտի կրկնվի:
Վրաստանի կառավարությունը կոչ է անում ավիաընկերություններին ինքնաթիռ չթողնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք թեստ չեն անցել կամ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
«Մենք պետք է սկսենք մտածել, թե ինչպես արագ Վրաստան բերել պատվաստված օտարերկրյա քաղաքացիների առաջին խումբը, որոնք ցանկանում են այցելել Վրաստան, որի համար մենք քայլ առ քայլ բացում ենք երկրի տարբեր շրջանները: Ըստ դրական ցուցանիշի, այս փուլում դա Աջարիան է»,-ասել է Թուրնավան:
Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրյա այցելուներին, ապա Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր Վրաստան են տեղափոխվում նույն երկրներից տարանցիկ ուղով, պետք է ունենան վերջին 72 ժամվա ընթացքում անցկացվված թեստի վկայական: Թեստը պետք է կատարվի նաև երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը:
«Այսինքն ՝ մենք չեղարկում ենք պարտադիր ինքնամեկուսացումը»,-ավելացրել է նախարարը:










