Միջլիբիական բանակցությունների նոր փուլը կանցկացվի փետրվարի 1-5-ը` Ժնևում
Փետրվարի 1-5-ը Ժնևում կանցկացվի միջլիբիական բանակցությունների նոր փուլը, կողմերը կքննարկեն նախագահական խորհրդի ստեղծման և վարչապետի թեկնածության հարցը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Քաղաքական երկխոսության լիբիական ֆորումը տեղի կունենա Շվեյցարիայում հաջորդ շաբաթ՝ 2021 թվականի փետրվարի 1-5-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Ստեֆանի Ուիլյամսի աջակցությամբ և Շվեյցարիայի դաշնային կառավարության հյուրընկալության շնորհիվ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ լիբիական կողմերը քվեարկելու են նախագահական խորհրդի երեք անդամների պաշտոնների և վարչապետի թեկնածության վերաբերյալ, ինչը նախատեսված է անցյալ տարվա նոյեմբերի կեսերին Թունիսում ընդունված «ճանապարհային քարտեզով»: Հանդիպման մասնակիցները պետք է կազմեն յուրաքանչյուր տարածաշրջանից նախագահի խորհրդի անդամների թեկնածուների վերջնական ցուցակները, ինչպես նաև ցուցակ վարչապետի պաշտոնի համար:
«Այս նոր ժամանակավոր միասնական գործադիր իշխանությունը հիմնականում կոչված կլինի Լիբիան տանելու դեպի ազգային ընտրություններ, որոնք նշանակված են 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, և վերամիավորելու պետական ինստիտուտները»,-ընդգծել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում:
Ակնկալվում է, որ լիբիական կողմերը Ժնև կժամանեն շաբաթ օրը՝ հունվարի 30-ին:










