«Ոչինչ չունենք, մեզ բռնի տեղահանել են, հիմա ապրում ենք թափառականի կյանքով, պահանջում ենք մեր թողած գույքի չափով փոխհատուցում». Քաշաթաղի շրջանի համայնքապետների և բնակիչների ակցիան՝ Կառավարության դիմաց

12:01 • 29.01.21

Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան: Քաշաթաղցիները նշում են՝ իրենց վերջին 2 ժամում են ասել, որ պետք է տարհանվեն և ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ:

«Մեր ունեցվածքը մնացել է, տան համար ենք հավաքվել, մեր տարածքը մնացել է այնտեղ: Վերջին 2 ժամում են մեզ ասել, որ տարհանվում ենք, ոչ մի բան չենք հասցրել հանել, ոչ մեկն էլ չի հանել, թող հիմա տուն տան, գնանք ապրենք»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին վրդովված քաշաթաղցիները:

Նրանցից մեկը հավելեց՝ այստեղ-այնտեղ ենք ապրում: «Մի քանի անգամ օգնություն է տվել համայնքապետարանը, հիմա ասում են՝ էլ չենք տալու, բա ինչպե՞ս պետք է ապրենք: Ո՞նց պիտի ապրի էս ժողովուրդը, ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, գետնին են քնում երեխաները»,- ասաց նրանցից մեկը:

Նրանք պնդում են՝ ամեն տեղ էլ դիմել են, սակայն իրենց ո՛չ դրական, ո՛չ էլ նույնիսկ բացասական պատասխան չեն տալիս: Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Մեզ անտերուդուրս գցել են փողոցները, ոչ ոք ոչ մի բան չի ասում, մի երկու օգնություն էին տալիս, դա էլ չենք կարողանում ստանալ: Ամեն ինչ կորցրել ենք, երկու լիքը տուն թողել, եկել ենք: Այսօր տանիքի հարց ենք ուզում լուծել, մեզ ուրիշ այլ բան պետք չէ»:

Ինչ վերաբերում է 300 հազար դրամ օգնությանը, քաշաթաղցիները նշում են՝ դրանով ի՞նչ պետք է անեինք, դրանով միայն վարձ ու կոմունալ ենք տվել, բա մնացա՞ծը: «Մենք մեր տանիքն ենք ուզում, մեր կորցրածը, ուրիշ ոչ մի բան: Մենք քաղաքականության հետ գործ չունենք, մեզ մեր կորցրածը թող տան, թափառական ենք դարձել, մի օր էս մեկի տանը, մի օր՝ էն մյուսի, ինչքա՞ն կարելի է»,- նշում են նրանք: