Ոչ մեկը դուրս չի գալիս ու պաշտոնական հայտարարի, ասի՝ այս-այս խնդիրները կան, արհամարհում են, մենք արժանի՞ ենք այս վերաբերմունքին. պատերազմի մասնակիցները չեն ստացել աշխատավարձերը (տեսանյութ)
Պատերազմի մասնակից կամավորականներն ակցիա են անում Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք արդեն երկրորդ անգամ են ակցիա անում Պաշտպանության նախարարության դիմաց, նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցելու համար Կառավարությունը խոստացել է տրամադրել աշխատավարձ, սակայն մինչև հիմա իրենց աշխատավարձ չեն տրամադրել:
Խնդրի վերաբերյալ հունվար ամսին ակցիայի մասնակիցների հետ զրուցել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստացել, որ հարցին լուծում կտրվի:
Ակցիայի մասնակից Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ՊՆ աշխատակիցներն ընդունարանում լրացրել են ակցիայի մասնակիցների տվյալները՝ խոստանալով, որ խնդրին արագ լուծում կտրվի.
«Ես տեղեկացված եմ, որ շաբաթ օրը կամավորների խնդրով զբաղվող հանձնաժողովը, որը մեկնել էր Արցախ մեր խնդրով, հետ է եկել Արցախից, նրանց ասել են, որ մինչև փետրվարի 10-ը գումարները կփոխհատուցեն: Իրենք մշակել են նաև, որ փաստաթղթերի ճշգրտման հետ կապված խնդիր կա, մենք չենք հավատում, որ փետրվարին այդ խնդիրը կլուծվի, քանի որ արդեն 4 անգամ կանչել են փաստաթղթերի ճշգրտման»,- ասաց նա:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ իրենց խնդրով չեն ցանկանում զբաղվել և միտումնավոր իրենց հարցը ձգձգում են։ Նրանց տվյալներով 2700 հոգու գումար չեն տրամադրել։
«Ես չեմ կարող հրապարակայնորեն ասել, թե ինչ արտահայտություններ են անում, ինչ-որ պրինցիպներով են աշխատում, չեն ուզում զբաղվել, փոխհատուցել, որովհետև բողոքում ենք, բա եթե խնդիրներ կան, պետք է բողոքենք, որ իրենք հստակ այս հարցով զբաղվեն: Եթե կարան պրինցիպ ընկնեն և չուզեն մեր հետ աշխատել, այս ո՞ւր ենք հասել: Ամեն ինչ տանում է նրան, որ միտումնավոր գործողություն է ծավալվում, որովհետև ոչ մեկը դուրս չի գալիս ու պաշտոնական հայտարարում, ասում՝ ներողություն այս -այս խնդիրներն են: Մեզ արհամարհում են, մենք արժանի՞ ենք այս վերաբերմունքին, իրենք իրենց աշխատավարձները ստանում են աշխատելու համար, բայց չեն աշխատում: Թող դուրս գան ասեն՝ գործին այս ընթացքն է տրվել, չեն ասում ոչինչ, ում դիմենք հիմա»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ կարող են ներս մտնել և հանդիպել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, և ակցիայի մասնակիցներից երեք հոգի ներս մտան:










