Միասնականությունն է մեր փրկությունը, այլևս իրար չբաժանենք ո՛չ գույների, ո՛չ տեսակների. Թևան Պողոսյան (տեսանյութ)

21:31 • 29.01.21

Միասնականությունն է մեր փրկությունը, այլևս իրար չբաժանենք ո՛չ գույների, ո՛չ տեսակների: Այս մասին «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հիմնադրմանը նվիրված արարողության ընթացքում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Մենք պետք է միավորենք մեր ուժերը: Ցանկացած պարագայում, երբ միասնական ենք եղել, կարողացել ենք խնդիր լուծել և մեր նպատակին հասնել: Իմ կոչը միասնության գնալն է, խնդրում եմ չբաժանել իրարից, որովհետև մեր ցավը նույնն է: Ես հուսով եմ, որ աշխարհի բոլոր հայ փախստականները կկրողանան ցավը միասին կիսելով հասնել և՛ Հադրութի ազատագրմանը, և՛ դրա հետ միասին մեր ձայնը լսելի դարձնենք մեր պետական ինստիտուտներին»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը նշեց՝ հայ ազգը շատ վաղուց սեփական մարմնի վրա զգում է՝ ինչ է նշանակում փախստական: Նա ընդգծեց՝ ամեն անգամ խնդրի ավելացմամբ չպետք է մոռանալ հինը:

«Ունենք ազգային երազանք, և այդ երազանքը մենք մի օր պետք է կարողանանք կյանքի կոչել: Պետք է կարողանանք լուծել խնդիրը, որ հադրութցին հայրենիքի որ մասում էլ լինի, զգա, որ հայրենիքում է: Տանը չի զգալու, ինչ էլ որ անենք, որովհետև տունը Հադրութում է, բայց փոփոխությունը մեզնից է գալիս»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: