Բայդենը պետք է կատարի իր խոստումը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Newsweek
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման վերջին օրերին նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Չինաստանը Սինցզյան նահանգում ույղուրների և այլ փոքրամասնությունների դեմ ցեղասպանություն է իրականացնում: Արդյո՞ք դա արվել է մեր նորընտիր նախագահին մարտահրավեր նետելու համար, դեռ պետք է պարզել։ Պատմականորեն Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանությունների ճանաչումը խնդրահարույց հարց է։
Պոմպեոն չպետք է նման եզրակացության հանգեր իր պաշտոնավարման վերջին օրը՝ հաշվի առնելով չինական ճամբարներում ույղուրների վկայությունների և արբանյակային լուսանկարների առկայությունը։ Ուստի, այդ որոշումը ստիպում է կասկածի դնել դրա արդյունավետությանն ու անկեղծությունը։ Այն ավելի շատ կասկածներ է սերմանում մեր կառավարական ինստիտուտների նկատմամբ և ընդգծում է, թե ինչպես ցեղասպանությունը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք։
Newsweek թերթում հրապարակված «Բայդենը պետք է կատարի իր խոստումը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածում ամերիկահայ վերլուծաբան Ստեֆան Պեչդիմալջին, որի պապերը վերապրել են Հայոց ցեղասպանությունը, գրում է, որ «տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել՝ ինչպես են հանրապետական և դեմոկրատ նախագահները Հայոց ցեղասպանությունն օգտագործել քաղաքական նպատակներով»:
«Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելով նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի հանդեպ հավատն ու վստահությունը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի: Այս փոքրիկ, բայց նշանակալի քայլի շնորհիվ Բայդենը կարող է շրջել ստատուս-քվոն՝ աշխարհին ուժեղ ազդանշան ուղարկելով այն մասին, որ Միացյալ Նահանգները թրամփիզմից հետո հավատարիմ է ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների պաշտպանությանը»,- ընդգծում է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ ամերիկահայերը շատ լավ գիտեն՝ ինչ է տեղի ունենում, երբ քաղաքականությունը դուրս է մղում մարդու իրավունքները։ Դա անվստահություն և անսանձ ցինիզմ է առաջացնում պաշտոնյաների և կառավարության առաջնորդների նկատմամբ։ Այն առաջացնում է անտարբերություն։
Նախագահական ընտրությունների յուրաքանչյուր շրջափուլ ուղեկցվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու թեկնածուների խոստումներով։ Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման նույնպես խոստացել էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն իշխանության գալով՝ ենթարկվեցին թուրքական ճնշմանը և թեքվեցին իրական քաղաքականության խորանի առաջ՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար օգտագործելով մեղմախոսական լեզու և բանավոր մարմնամարզություն։
Ջո Բայդենի համար Հայոց ցեղասպանությունը հարց է, որը նրա քաղաքական կարիերայի մի մասն է։ Լինելով Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ՝ Բայդենը համահեղինակել է բազմաթիվ օրինագծեր, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S. Res.106) և օրինագիծ է ներկայացրել, որով դատապարտվում է թուրքահայ լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքի սպանությունը: Բոլորովին վերջերս Բայդենը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքները առաջնահերթ դարձնել նախագահ ընտրվելու դեպքում, նշում է Պեչդիմալջին։
«ԱՄՆ նախագահները չեն հասկանում, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե քաղաքական հարց է, այլ մարդու իրավունքների։ Բայդենը խելամիտ կվարվի, եթե ճեղքի անցյալի պատնեշն ու կատարի այն, ինչ հարգանքի է արժանի։ Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության զոհերն արժանի են ճշմարտության»,- եզրափակում է վերլուծաբանը։










