Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն կշարունակի գործողություններ իրականացնել Հարավչինական ծովում

09:51 • 30.01.21

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել գործողություններ իրականացնել Հարավչինական ծովում: Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության հաղորդագրությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարությունը վերաբերում էր անցյալ շաբաթ ամերիկյան ռազմանավերի խմբի՝ Theodore Roosevelt ավիակրի գլխավորությամբ ջրատարածք մտնելուն, որտեղ, իրենց խոսքով, իրականացվել են «սովորական գործողություններ» և «ծովում ապահովել են ամերիկյան նավերի անվտանգությունը»։

«Theodore Roosevelt խումբն ուշադիր հետևել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ծովային ուժերի և ավիացիայի բոլոր գործողություններին։ Այդ ընթացքում նրանք սպառնալիք չեն ներկայացրել ԱՄՆ-ի նավերին, ինքնաթիռներին կամ նավաստիներին»,- նշվում է տեքստում։

Ընդ որում, նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի գործողություններ իրականացնել Հարավչինական ծովում՝ «ցույց տալով ամբողջ տարածաշրջանում ԱՄՆ-ի օպերատիվ ներկայությունը»։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Չինաստանի ԱԳ նախարարը, Հարավչինական ծովում ԱՄՆ-ի գործողությունները տարածաշրջանում իրավիճակի սրման հիմնական պատճառն են: