Իրաքում կոալիցիայի ավիահարվածի հետևանքով չեզոքացվել է «ԻՊ» առաջնորդներից մեկը
Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը: Այս մասին ուրբաթ հաղորդել է The New York Times-ը, գրում է ТАСС-ը:
Ըստ թերթի, Ջաբբար Սալման Ալի Ֆարհան ալ-Իսավին, որը հայտնի է նաև որպես Աբու Յասիր, չեզոքացվել է չորեքշաբթի Քիրքուք քաղաքի մերձակայքում: Սպանվել է ԻՊ-ի ևս ինը գրոհային: Գործողությանը մասնակցել են Իրաքի անվտանգության ծառայությունները: Նշվում է, որ հարվածը հասցրել են ԱՄՆ զինված ուժերը:
Կոալիցիայի խոսնակ Ուեյն Մարոտոն հայտարարել է, որ ալ-Իսավի մահը «լուրջ հարված» է «ԻՊ»-ին: Ըստ թերթի, ալ-Իսավին ղեկավարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները և փորձել վերականգնել խմբավորման ազդեցությունը երկրում:
Հրապարակման մեջ նշվում է, որ «ԻՊ» առաջնորդներից մեկի սպանությունը պատասխան էր անցյալ շաբաթ Բաղդադում խմբի կողմից իրականացված ահաբեկչական հարձակմանը: Այդ ժամանակ 32 մարդ մահացել էր, ավելի քան 100-ը վիրավորվել:










