ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15,5 հազար պայթուցիկ իր են վնասազերծել Լեռնային Ղարաբաղում (տեսանյութ)

10:03 • 30.01.21

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա», - ասել է աղբյուրը:

Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝  գտնելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ: