ՀՀ-ին անհրաժեշտ է նոր անվտանգային ռազմավարություն` իր ռազմական ուղղությամբ, տնտեսական և սոցիալական բլոկի առումներով. Արկադի Խաչատրյան
Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր անվտանգային ռազմավարություն` իր ռազմական ուղղությամբ, տնտեսական և սոցիալական բլոկի առումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը` անդրադառնալով պատերազմից հետո տնտեսությունը վերականգնելու ծրագիր ունենալու անհրաժեշտությանը:
Նա նշեց, որ պետք է նոր ռազմավարական ծրագրեր իրականացնել՝ այդ թվում տնտեսության արդիականացման ուղղությամբ: «Այդ ծրագիրը պետք է նախատեսի նաև քաղաքական բաղադրիչ, անորոշությունները և ռիսկերը պետք է նվազեցնել, որպեսզի ներդրողները կարողանան ներդրումներ կատարել երկրում: Մենք տեսնում ենք, որ ներդրողների վարքագիծը սպասողական, զգուշավոր է, ինչպես նաև մարդկանց վարքագիծը` երբեմն անկանոն, ինչը արտացոլվում է ֆինանսական շուկայի վրա, մասնավորապես նկատելի է դոլարի կուրսի փոփոխություն»,-ասաց նա:
Արկադի Խաչատրյանը նշեց, որ նոր ռազմավարությունը պետք է ուղղված լինի մարդկանց հույսն ու հավատը վերականգնելուն: «Մենք պետք է կարողանանք կանխել մարդկային կապիտալի արտահոսքը, քանի որ նման անորոշությունների, ներքին քաղաքական ճգնաժամի պայմաններում մարդիկ, հույս ու հավատ չունենալով, կարող են լքել երկիրը և դա լրջագույն մարտահրավերներից է»,-ասաց նա և նշեց, որ քանի դեռ ֆունդամենտալ նախապայմանները ապահոված չեն, տնտեսական որևէ ծրագիր շատ արդյունավետ լինել չի կարող, քանի որ այդ ամենը փոխկապակցված են:
Պատգամավորը նկատեց, որ 2020 թվականը չափազանց ծանր տարի էր Հայաստանի Հանրապետության համար, տարվա սկզբում արձանագրվեց համավարակը, այնուհետև ռազմական դրությունը, և այդ ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենար տնտեսության վրա: «Հատկապես խոցելի էր ծառայությունների ոլորտը, առևտուրը, շինարարությունը, զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, ըստ էության՝ չկա մի ոլորտ, որի վրա ազդեցությունը եղած չլինի, պարզապես դրանք տարբերվում են խորությամբ:Ակնհայտ է, որ տարին մեծ տնտեսական անկմամբ պետք է փակենք, այն գնահատվում է մինչև 8 տոկոս: Մի քանի ուղղությամբ ունենք մեծ խնդիրներ, դրանցից են` ներքաղաքական ճգնաժամը, որը պետք է հաղթահարվի»,-ասաց նա:
Նա ակնհայտ համարեց, որ հետպատերազմյան Հայաստանում փոփոխվում են նաև ծախսերի առաջնահերթությունները, մասնավորապես սոցիալական բեռի ավելացումը բերում է նաև անհրաժեշտության համապատասխան ծրագրեր իրականացնելու և միջոցներ հատկացնելու համար, անհրաժեշտություն կլինի նոր փոփոխություններ կատարել պետական բյուջեում:










