Honda-ն խորհրդավոր ֆուտուրիստական կոնցեպտային մեքենա է արտոնագրել (լուսանկարներ)
Ճապոնական Honda ընկերությունը մեքենայի խորհրդավոր մոդել է արտոնագրել, որը նկարագրվում է որպես «ֆուտուրիստական կոնցեպտային մեքենա՝ հեռավոր ապագայից»:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, կոնցեպտային մոդելի լուսանկարները հուշում են ընկերության դիզայներների ազատ երևակայության մասին, իսկ մոդելի արտոնագրումը նշանակում է, որ ապագայում մեքենան կներկայացվի լայն հանրությանը:
Առանձնահատկություններից մեկը, որն անմիջապես աչքի է ընկնում, երկար, բարակ գծերն են, որոնք անիվներից տարածվում են թափքի երկարությամբ: Մեքենան, հավանաբար, զրկված կլինի դռների ավանդական բռնակներից, որոնց դերը կկատարեն դիմացի անիվների շրջանում տեղակայված առավել լայն անցքերը:
Կոնցեպտը համալրվել է հսկայական ապակե տանիքով, որը վերածվում է թափքի մի մասի՝ փոխարինելով կողային և հետևի ապակիները:
Դատելով արտոնագրում ներկայացված լուսանկարներից՝ մեքենան համալրվելու է ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգով:













