ԱՀԿ փորձագետներն այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ և լաբորատոր և գնահատել անվտանգության մակարդակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներն այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ և դրա կազմում ընդգրկված կենսաբանական անվտանգության ազգային լաբորատորիա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Փորձագետները հայտարարել են, որ իրենց տպավորել է ինստիտուտի ընդհանուր պրոֆեսիոնալիզմը: Այցի ժամանակ փորձագետները ծանոթացել են հետազոտական աշխատանքներին, լաբորատորիայում անվտանգության միջոցառումներին, ինչպես նաև քննարկել են միջազգային գիտական համագործակցությունն ու հակահամաճարակաբանական միջոցառումները:
Ինչպես հաղորդվում է ռեպորտաժում, փորձագետները բարձր են գնահատել այն փաստը, որ Ուհանի կենսաանվտանգության ազգային լաբորատորիան միանալու է ԱՀԿ լաբորատորիաների ցանցին, որն ստեղծվել է համաշխարհային առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման համար:
Հիշեցնենք, ԱՀԿ փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին՝ ուսումնասիրելու «Քովիդ-19»-ի ծագման աղբյուրները: Մասնագետները երկշաբաթյա կարանտին են անցել, որից դուրս են եկել հունվարի 28-ին:
Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 104 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 2,2 մլն-ը:










