Ռուսաստանին չէր հաջողվում որևէ բանով զարմացնել Արևմուտքին, մինչև որ ստեղծվեց «Սպուտնիկ V»-ն. Die Welt
Գերմանական Die Welt պարբերականում լույս է տեսել հոդված, որում հեղինակ Ժակ Շուստերն անդրադարձ է կատարել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին և նշել, որ Ռուսաստանն այդ պատվաստանյութի ստեղծմամբ կարողացել է զարմացնել Արևմուտքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ 1957 թվականին Խորհդային Միությունն աշխարհում առաջինն է Երկրի արհեստական արբանյակ արձակել տիեզերք, ինչը, ըստ հեղինակին, խուճապի է մատնել Եվրոպային և Միացյալ Նահանգներին:
«Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը տեխնիկական տեսանկյունից գրեթե ոչինչ չունի Արևմուտքին զարմացնելու համար: Եվ միայն կորոնավիրուսի պատվաստանյութը, որը բավական վաղ հայտնվեց շուկայում, ցույց տվեց, որ Ռուսաստանը շատ ավելին է, քան սոսկ «հրթիռներով զինված Վերին Վոլտան (նկատի ունի բանանային պետություն-Խմբ.)»», - գրել է Շուստերը:
Լրագրողը նշել է, որ հեղինակավոր Lancet բժշկական ամսագրի հրապարակումը «Սպուտնիկ V» պատվաստանյութի երրորդ փուլի կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ, ապացուցել է պատվաստանյութի բարձր արդյունավետությունը: Հետևաբար, Շուստերը կարծում է, որ մինչ պատվաստանյութի վերաբերյալ վերջնական տվյալների հրապարակումը դրա օգտագործումն սկսելու Մոսկվայի որոշումն արդարացված է:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել էր Lancet բժշկական ամսագրում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մասին հրապարակումը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում հայտնել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն տարբեր արտադրողների հետ բանակցություններ է վարում՝ կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարելու հարցի շուրջ. «Բոլոր երկրների համար բավարար չափաբաժիններ պարզապես չկան, և շատ կարևոր է մենակ չթողնել նրանց, ովքեր չեն կարող պատվաստանյութ գնել: Այսպիսով, այո, ԱՀԿ-ն շատ ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում. ամենաբարձր մակարդակով բանակցություններ են տարվում բոլոր երկրների հետ, մենք նաև ակնկալում ենք աջակցություն Ռուսաստանից և այլ պետություններից ՝ բոլոր կարիքավոր երկրներին պատվաստանյութ տրամադրելու հարցում»:
Ավելի վաղ հեղինակավոր Lancet բժշկական ամսագիրը հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, նշել է «ՌԻԱ Նովոստին» և հավելել, որ փորձարկումները հաստատել են ռուսական պատվաստանյութի բարձր անվտանգությունն ու 91,6 տոկոսի արդյունավետությունը: Հետազոտողները պարզել են նաև, որ պատվաստանյութը լիովին պաշտպանում է վարակի ծանր դեպքերում:










