10 սմ երկարություն, 6 գր քաշ. BBC-ն պատմել է աշխարհի ամենափոքր պտղակեր չղջիկների մասին (լուսանկարներ)
Բրիտանական BBC-ի թղթակից Ռինա Շահը պատմել է փոքր արևադարձային չղջիկներին որոնելու նպատակով Կոստա Ռիկա կատարած այցի մասին:
Հեղինակը ճանապարհորդել է Կոստա Ռիկայի Սարափիգ շրջան՝ «Հոնդուրասի սպիտակ չղջիկ» գտնելու նպատակով: Չղջիկներին նաև անվանում են «Վրան պատրաստող կարիբյան չղջիկներ»:
«Ինձ զգուշացրել էին, որ այս չղջիկներին գտնելը միշտ չէ, որ հեշտ է: Նրանք ապրում են ցածրադիր անձրևային անտառների հատուկենտ բնակավայրերում`Հոնդուրասից մինչև Պանամայի արևելք: Կոստա-Ռիկայում բախտս փորձեցի 345 հա տարածք ունեցող արգելոցում», - գրել է հեղինակը և պարզաբանել, որ չղջիկներն ապրում են այդ տարածքում և կրծոտում են հելկոնիայի տերևները: Այս տերևները նման են բանանի ծառի տերևներին և բավական մեծ են:
«Այդ օրը մենք բախտավոր էին: Արգելոցի ներսում, կամրջից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ, իմ ուղեկցորդ Ռոխաս Վալերիոն մատնացույց արեց մեր արահետի երկայնքով դատարկ տերևէ վրանները, ապա ինձ տարավ ճահճային անտառներ: Ճանապարհին կային կոկիկ ծալված տեևներ, որոնց տակ թառած չղջիկները նման էին մի բուռ կանաչ սերմերի: Երբ Ռոխաս Վալերիոն վառեց իր ջահը, նրանք վերածվեցին սպիտակ բամբակյա գնդիկների ՝ դեղին-նարնջագույն քթերով և ականջներով: Մեկը բացեց իր աչքերը և նայեց մեզ», - պատմել է հոդվածագիր Ռինա Շահը:
Հեղինակը նշել է, որ աշխահի ամենափոքր պտղակեր չղջիկներն ունեն միջինում 10 սմ երկարություն և 6 գրամ ծանրություն: Կոստա Ռիկայի համալսարանի չղջիկների ուսումնասիրմամբ զբաղվող կենսաբան, պրոֆեսոր Բեռնալ Ռոդրիգեսի խոսքով ՝ այս փոքր արարածները միակ հայտնի կաթնասուններն են, որոնք ունեն կարոտենոիդ գունանյութի կուտակում ՝ քիմիական նյութ, որը նրանց ականջներին և քթին պայծառ դեղին գույն է հաղորդում: Գիտնականը նշել է, որ քիմիական նյութը նրանց օրգանիզմում կուտակվում է գետերի մոտ աճած մրգերն ուտելուց: Արու չղջիկները, որոնք ավելի մեծ են, ունեն ավելի վառ գույներ, ինչն էլ գրավում է էգերին:











