Ամբողջ աշխարհից ավելի քան 3300 ակադեմիկոս պահանջել է Թուրքիայի Բողազիչի համալսարանի ռեկտորի հրաժարականը
Ամբողջ աշխարհից 3317 ակադեմիկոս պահանջել է թուրքական Բողազիչի համալսարանի ռեկտորի հրաժարականը, հայտնում է Ahval-ը:
Գիտնականների պահանջի համար հիմք է հանդիսացել ռեկտորի վատ վերաբերմունքն իր նշանակման դեմ բողոքող ուսանողների նկատմամբ:
«Թուրքիայի կառավարությունը շարունակում է խարխլել անհատների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև համալսարանների և քաղաքացիական կազմակերպությունների ինքնավարության սկզբունքը», - նշել են ակադեմիկոսները, որոնց շարքում են նաև Ջուդիթ Բաթլերը և Նոամ Չոմսկին:
Ակադեմիկոսները շեշտել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ Բողազաչի համալսարանի ռեկտորի պաշտոնում Մելիհ Բուլուի նշանակումը, բարձրագույն համալսարանն «իր վերահսկողության տակ վերցնելու» փորձ է:
Նրանք դատապարտել են ոստիկանության գործողությունները, որոնց ընթացքում ուսանողները խուզարկվել և խոշտանգվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, և համերաշխություն են հայտնել ուսանողներին և դասախոսներին: Ակադեմիկոսների տարածած հայտարարության մեջ, որն առաջին անգամ ստորագրությունների համար բացվել է հունվարի սկզբին, ասվում է. «Մենք պրոֆեսոր Բուլուին կոչ ենք անում հրաժարվել պաշտոնից, իսկ Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել կալանքի տակ գտնվող ցանկացած ուսանողի, հետ վերցնել բոլոր մեղադրանքները և հարգել ակադեմիական ազատությունն ու համալսարանի ինքնավարությունը»:
Մելիհ Բուլուն նշանակվել է Բողազիչի համալսարանի ռեկտոր հունվարի 1-ին, որի համար Էրդողանն իր լիազորությունների շրջանակներում շրջանցել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը:
Նշանակման դեմ բողոքի ակցիաները սկսվել են նշանակումից մի քանի օր անց և սրվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ ուսանողներին թիրախավորելու հետևանքով: Փետրվարի սկզբից առնվազն 300 ուսանող բերման է ենթարկվել համալսարանում, ինչպես նաև Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի նահանգներում անցկացված ցույցերի ընթացքում:










