Շախ և մատ Արևմուտքին. «Սպուտնիկ V»-ն ամբողջ աշխարհում բարձրացրեց ՌԴ-ի վարկանիշը․ Le Figaro
Covid-19-ի դեմ պատվաստանյութերն «քաղաքացիություն» չունեն, ուստի դրանց նկատմամբ հետաքրքրությունը չպետք է կախված լինի գաղափարական նկատառումներից: Հատկապես այն իրավիճակում, երբ պատվաստումների եվրոպական արշավը ֆիասկո է ապրում․ սա է Եվրոպայի պատասխանը «Սպուտնիկ V»-ի հանկարծակի հայտնվելուն, որի արդյունավետությունը (91,6%) վերջերս ճանաչվել է The Lancet գիտական ամսագրի կողմից, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը։
Հոդվածագիր Իզաբել Լասերը գրում է, որ ռուսական պատվաստանյութի համար առաջինն «իր դուռը բացել է» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական պատվաստանյութի նկատմամբ:
«Պատվաստանյութերն ազգություն չունեն։ Գլխավորը արդյունավետ դեղամիջոցն է»,- ընդգծել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։
Պատվաստանյութերի մրցավազքում ռուսական «Սպուտնիկ V»-ն երկար ժամանակ լուրջ չէր ընդունվում, սակայն այժմ դրա բարձր արդյունավետությունն ապացուցված է:
Ռևանշ ԱՄՆ-ի և արևմտյան դեմոկրատների նկատմամբ
«Դա ոչ թե քաղաքական, այլ գիտական որոշում է»,- ռուսական պատվաստանյութի օգտագործման կապակցությամբ ասել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական գերատեսչությունների համար դա, հավանաբար, իսկապես այդպես է։ Բայց ոչ Ռուսաստանի համար, որն իր պատվաստանյութը դիտարկում է որպես քաղաքական ազդեցության գործիք և գաղափարական զենք։
Իշխանության գալուց հետո Վլադիմիր Պուտինն անընդհատ ձգտում էր Ռուսաստանը վերադարձնել միջազգային ասպարեզ։ Ինչպես նշում է «Կոմերսանտ» թերթը, պատվաստանյութը նպաստում է երկրի «հեղինակության» բարձրացմանը: Այն դիտվում է որպես ռևանշ՝ «սառը պատերազմում» հաղթած ԱՄՆ-ի և արևմտյան դեմոկրատների նկատմամբ։ «Սպուտնիկ V»-ն հաղթանակի խորհրդանիշն է:
Ռուսական պատվաստանյութի քաղաքական բնույթը արտացոլվում է նաև «Սպուտնիկ V»-ի աշխարհագրական բաշխման մեջ: Առաջին հերթին այն ընդլայնել է Կրեմլի ազդեցության գոտիները․ Մոսկվան իրեն մոտ է պահում հետխորհրդային հանրապետություններին, օրինակ՝ Բելառուսին ու Ղազախստանին, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների երկրներին՝ Իրանին, Վենեսուելային, Ալժիրին և Սերբիային և այլ բարեկամ պետություններին։ Հարկ է նաև նշել, որ ռուսական պատվաստանյութը զգալիորեն ավելի մատչելի է, քան մյուս պատվաստանյութերը՝ մեկ չափաբաժնի համար 10 դոլարից պակաս։
Հոդվածագրի կարծիքով՝ այսօր Կրեմլը պատվաստանյութն օգտագործում է՝ աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու համար։ Միջազգային ատյաններում Չինաստանի մեթոդները կրկնելով՝ Ռուսաստանը փորձում է պատվաստանյութին հասանելիությունը պայմանավորել գլխավոր միջազգային հարցերում իր դիրքորոշումների աջակցությամբ։
Միջազգային ասպարեզում ռուսական պատվաստանյութի տարածումը տեղի է ունեցել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության օրերին, որի կապակցությամբ եվրոպացիները նոր պատժամիջոցներ են դիտարկում Կրեմլի դեմ:
«Հիմա, երբ եվրոպական երկրները պատվաստանյութերի խիստ կարիք ունեն, դժվար է պատկերացնել, որ Փարիզը, Բեռլինը և Բրյուսելը կարող են երկար ժամանակ կոշտ դիրքորոշում պահպանել Նավալնիի գործով»,- եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերել է հոդվածագիրը։










