Չինական Tianwen1 զոնդը Երկիր է ուղարկել Մարս մոլորակի առաջին պատկերը (լուսանկար)
Չինական Tianwen1 զոնդից ստացվել է Մարս մոլորակի առաջին լուսանկարը: Այս մասին հայտնել է չինական տիեզերական գործակալությունը, գրում է The Guardian-ը:
Սպասվում է՝ տիեզերական օբյեկտը, որը գործարկվել էր 2020 թվականի հուլիսին, Մարսի ուղեծիր կհասնի փետրվարի 10-ի սահմաններում:
Նշվում է՝ Չինաստանի տիեզերական ազգային վարչության կողմից հրապարակված լուսանկարներն այնքանով են ուշագրավ, որ այստեղ տեսանելի են երկրաբանական մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ Սկիապարելլի խառնարանը, Մարիների հովիտները (հսկայական կիրճերի համակարգ Մարս մոլորակի վրա) և մի շարք այլ ձորեր ու հովիտներ, որոնք ձգվում են մոլորակի մակերևույթի ողջ երկայնքով:
Լուսանկարն արվել է մոտ 2.2 միլիոն կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք՝ Կարմիր մոլորակը միշտ էլ մարտահրավեր է նետել մարդկությանը: 1960 թվականից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների, Ճապոնիայի և Հնդկաստանի կողմից ուղարկած առաքելությունների մեծ մասն ավարտվել էր անհաջողությամբ:











