Փորձագետները «կարևոր հետքեր» են հայտնաբերել Ուհանում կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության ժամանակ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք Չինաստանի Ուհան քաղաքում ուսումնասիրում են կորոնավիրուսի ծագման պատճառները, «կարևոր հետքեր» են հայտնաբերել:
Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, փորձագիտական առաքելության անդամ, ամերիկացի կենսաբան Փիթեր Դաշակը հայտնել է, որ գիտնականները մի շարք բացահայտումներ են արել ծովամթերքների տեղական շուկան հետազոտելիս: Նրանք աշխատել են չինացի գիտնականների հետ միասին: Նրան այցելել են «թեժ կետեր», որտեղ կարող էր ի հայտ եկած լինել վիրուսը:
Գիտնականները բացառել են այն տարբերակը, որ կորոնավիրուսը կարող էր տարածվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից, որտեղ աշխատում են առավելագույն պաշտպանվածությամբ:
Մսի և ծովամթերքի շուկայից վիրուսի տարածման հավանականությունը մասնագետները նույնպես կասկածելի են որակել, քանի որ հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ «Քովիդ-19»-ի դեպքերը կապ չունեն այդ վայրի հետ: Սակայն մասնագետները «կարևոր հետքեր» են հայտնաբերել շուկայի դերակատարության մասին:
Միևնույն ժամանակ Դաշակը հրաժարվել է կիսվել հետաքննության մանրամասներով: Վերջինս ակնկալում է, որ հիմնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 10-ին:
«Այն, ինչ տեսել եմ, արդեն հուշում է, որ կան իրական հետքեր կատարվածի վերաբերյալ, և ես հուսով եմ, որ կկարողանանք հստակ բացատրություն տալ այս ուղևորության ավարտին», - ասել է մասնագետը՝ հավելելով, որ վիրուսները «խառն» են փոխանցվում և ողջ ուղին բացահայտելը երկարատև կլինի:










