Սինգապուրի իշխանությունները բոլոր աշակերտներին կապահովեն համակարգչով ու հատուկ սխեմաների միջոցով կհետևեն համացանցում նրանց գործողություններին

13:29 • 08.02.21

Սինգապուրի կառավարության կողմից ներդրվելիք նոր ծրագիրը, որի նպատակն է երկրում բնակվող յուրաքանչյուր երեխայի համակարգչով ապահովելը հեռավար ուսուցմանը մասնակցելու համար,  մտավախություն է առաջացրել մի շարք բնակիչների մոտ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ տրամադրվող սարքերում կառավարության կողմից ներկառուցվել են որոշակի սխեմաներ, որոնք մշտադիտարկում են երեխաների գործողությունները համացանցում:

Նշվում է՝ կառավարական այս ծրագրով, որը ներդրվել է 2020 թվականին տարածում գտած կորոնավիրուսային համավարակի ֆոնին, նախատեսվում է մինչև 2021 թվականի ավարտը համակարգիչներով ապահովել սինգապուրցի բոլոր աշակերտներին: 

Այնուամենայնիվ, կառավարության կողմից տրամադրվելիք համակարգիչներում ներկառուցված են հատուկ սխեմաներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին հետևել երեխաների ակտիվությանը, հեռավար ձևաչափով տեսնել նրանց համակարգիչների էկրանը: Բացի այդ, համակարգչի միջոցով հեղինակներին հասանելի է դառնում երեխայի՝ համացանցում կատարած որոնման պատմությունը և այլն: 

Երկրի մի շարք քաղաքացիների խոսքով՝  կառավարության նման քայլը հակասում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին: Երկրում առցանց ստորագրահավաք է սկսվել, որի նպատակն է վերջ դնել կառավարության ծրագրին: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Human Rights Watch մարդու իրավունքների խախտումների, մշտադիտարկման, հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպությունը: 

Ի պատասխան մտահոգությունների՝ Սինգապուրի կրթության նախարարը նշել է, որ մտահոգվելու առիթ չկա, քանի որ «ծրագիրը չի կարող այնպիսի անձնական տվյալներ փոխանցել, ինչպիսիք են, օրինակ՝ գտնվելու վայրը ու գաղտնաբառերը»:

«Խոսքը վերաբերում է միայն առարկելի նյութերին»,- ասել է պաշտոնյան: 

Ըստ Human Rights Watch-ի՝ հենց «առարկելի նյութեր» եզրույթն էլ մտավախությունների պատճառ է դարձել: 

«Առարկելի նյութ» եզրույթի հարցում թափանցիկության բացակայությունը խախտում է երեխաների ազատ խոսքի և տեղեկատվություն ստանալու իրավունքը», - նշել է կազմակերպությունն իր հայտատարությունում: 



Սինգապուրի իշխանությունները բոլոր աշակերտներին կապահովեն համակարգչով ու հատուկ սխեմաների միջոցով կհետևեն համացանցում նրանց գործողություններին