Ուհանում աշխատող ԱՀԿ փորձագիտական խումբը հայտնել է կորոնավիրուսի տարածման ամենահավանական վարկածի մասին  

19:16 • 09.02.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը կարծում է, որ կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը «ծայրաստիճան քիչ հավանական է»: Փորձագիտական խմբի կարծիքով՝ կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, կենդանուց մարդուն է փոխանցվել միջանկյալ օղակի միջոցով:

Ինչպես փոխանցում է TАСС գործակալությունը, նման հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել Ուհանում աշխատող ԱՀԿ առաքելության փորձագիտական խմբի ղեկավար, զոոնոտիկ վարակների գծով փորձագետ Փիթեր Բեն Էմբարեքը:

Նրա խոսքով՝ փորձագետները 4 հիմնական վարկածներ են ունեցել այն մասին, թե ինչպես կարող էր վիրուսը փոխանցվել մարդուն: Առաջինն անմիջական փոխանցումն է կենդանուց մարդուն, երկրորդը՝ միջանկյալ կենդանու միջոցով մեկ այլ կենդանուց փոխանցումը մարդուն: Երրորդ վարկածը փոխանցումն է սննդային շղթայի միջոցով, մասնավորապես՝ սառեցված ուտելիքների, իսկ չորրորդը տարբերակը կապված է լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի հետ»,- նշել է մասնագետը:

Վերջինս հավելել է, որ իրենք ուսումնասիրել են յուրաքանչյուր վարկածի հավանականությունը, և ամենահավանականը վիրուսի փոխանցումն է կենդանուց մարդուն միջանկյալ օղակի օգնությամբ:

Մեկնաբանելով վիրուսի՝ չղջիկներից տարածման հայտնի վարկածը՝ ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է, որ «Ուհանը այն վայրը չէ, որտեղ այդ կենդանիները հավաքվում են մեծ քանակությամբ, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում Ուհանում վիրուսը դժվար թե մարդկանց փոխանցված լիներ չղջիկների միջոցով»:

Փորձագետներին դեռևս չի հաջողվել պարզել Ուհանի ծովամթերքի շուկայի դերը վիրուսի տարածման գործում:

Հիշեցնենք, որ փորձագիտական խումբը, որը վիրուսի ծագման շուրջ ուսումնասիրություններն սկսել է հունվարի 28-ից, օրեր առաջ հայտնել էր «կարևոր հետք» գտնելու մասին:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 106 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 2,3 մլն-ը:

 

 

Ուհանում աշխատող ԱՀԿ փորձագիտական խումբը հայտնել է կորոնավիրուսի տարածման ամենահավանական վարկածի մասին