ԱՀԿ-ն չի բացառել, որ Չինաստանում COVID-19-ը սկսել է տարածվել մինչ համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարելը. WSJ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հավանական են համարում այն փաստը, որ COVID-19-ը Չինաստանում սկսել է տարածվել մինչև 2019 թվականի դեկտեմբերը, երբ երկրում պաշտոնապես հայտարարվել էր հաճավարակի բռնկման մասին, գրում է Wall Street Journal-ը:
Ըստ փորձագետների՝ միայն 2019 թվականի հոկտեմբերին մոտ 90 մարդ է հոսպիտալացվել Չինաստանի կենտրոնական հատվածներում այնպիսի ախտանշաններով, որոնք նման են եղել COVID-19-ին:
Նշվում է՝ Չինաստանի իշխանություններն այս հիվանդների մոտ երկու երրորդի դեպքում իրականացրել են հակամարմինների թեստեր, սակայն նշել են, որ կորոնավիրուսային վարակի հետքեր չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, այն ԱՀԿ փորձագետները, որոնք այցելել են Չինաստան, կարծում են, որ այս դեպքում հակամարմինների պարունակությունը կարող էր իջնել ու հասնել այնպիսի մակարդակի, որը հնարավոր չէ հայտնաբերել:
Բացի այդ, պարբերականը նշում է՝ ԱՀԿ-ի մի խումբ փորձագետներ Չինաստանի իշխանություններին հորդորել են ավելի լայն վերլուծություն կատարել Հուբեյ նահանգում 2019 թվականի աշնանը հավաքված արյան նմուշների վրա՝ իրենց կողմից ներկայացված վարկածի ճշմարտացիությունը ստուգելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի COVID-19-ին արձագանքման փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Լյան Վաննյանը հայտարարել էր, որ Ուհանում COVID-19-ի՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերը տարածվելու առնչությամբ բավարար ապացույցներ չկան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների միջազգային խումբը հունվարի 14-ից սկսած գրեթե մեկ ամիս գտնվել է Չինաստանում և չինացի փորձագետների հետ համատեղ հետազոտություն է անցկացրել COVID-19-ի ծագման ուսումնասիրման ոլորտում:
ԱՀԿ մասնագետներին հաջողվել է այցելել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, այդ թվում՝ խիստ մեկուսացված «ԲՍԼ-4» լաբորատորիա, որի անունը շրջանառվում է վիրուսի ենթադրյալ «արտահոսքի» կամ COVID-19 հիվանդության՝ Ուհան ծովամթերքի շուկայում հավանական արհեստական ծագման առնչությամբ լուրերի հետ:
Երեքշաբթի օրը փորձագետները մամուլի ասուլիս էին հրավիրել, որում ամփոփել էին Ուհանում կատարված աշխատանքը: Ներկայումս անհայտ է, թե չինական այս նահանգի ծովամթերքների շուկան ինչ դեր է ունեցել վիրուսի տարածման մեջ: Բացի այդ, մասնագետները դժվարանում են ապացուցել այն փաստը, որ COVID-19-ն ուղղակիորեն չղջիկների պատճառով է շուկա մտել: Մասնագետներն այս առնչության առավել հակված են այն վարկածին, որ կենդանիներն ուղղակի վիրուսի միջանկյալ փոխադրողներ են:










