Շայա Լաբաֆը ժամանակավորապես դադարեցրել է դերասանական կարիերան. պատճառը սեռական բռնության մեղադրանքների ֆոնին առաջացած խնդիրներն են
Ամերիկացի հայտնի դերասան Շայա Լաբաֆը սեռական բռնության մեղադրանքների ֆոնին ագրեսիայի և ալկոհոլիզմի դեմ ստացիոնար բուժում է անցնում: Այս մասին հայտնել է Variety-ն։
Հայտնի է, որ Հոլիվուդյան Creative Artists Agency գործակալությունն այս լուրերի ֆոնին դադարեցրել է Լաբաֆի հետ պայմանագրի գործողությունը։
Պարբերականի հաղորդմամբ՝ դերասանը «որոշել է կենտրոնանալ բացառապես իր առողջության վրա»։
Ավելի վաղ աստղի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Լաբաֆը վերականգնողական կուրս է անցնում։
«Շայան օգնության կարիք ունի և գիտի այդ մասին։ Մենք ընտրել ենք լիարժեք, ինտենսիվ և երկարաժամկետ ստացիոնար բուժում, որի կարիքը նա ունի»,-հայտնել է նա։
Պարբերականի տեղեկություններով՝ դերասանը բուժվում է արդեն ավելի քան հինգ շաբաթ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին FKA Twigs անվամբ հայտնի երգչուհին դատի էր տվել Լաբաֆին։ Նա վերջինիս մեղադրել էր հոգեբանական ճնշման, ֆիզիկական ուժի կիրառման և սեռական բռնության համար։










