Անտարկտիդայի սառցաշերտի տակ անհայտ տեսակի կենդանի օրգանիզմներ են հայտնաբերվել
Անտարկտիդայում հետազոտական հորատման աշխատանքների ժամանակ բրիտանացի գիտնականները ծովի հատակին՝ սառցաշերտի տակ, անհայտ սպունգանման կենդանիներ են հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Frontiers in Marine Science գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, մասնագետները նախկինում կարծում էին, որ Անտարկտիկայի ափերին կպչուն բենթոսային կյանքի ձևեր չկան:
Լողացող սառցաշերտերն ավելի քան մեկուկես մլն քառ. կմ տարածք են զբաղեցնում Անտարկտիդայի ափերի երկայքնով: Դրանց տակ գտնվող ծովային տիրույթը հսկայական չուսումնասիրված բնակմիջավայր է Երկրի վրա: Որոնողական հորատման աշխատանքների ժամանակ Ֆիլխների սառցաշերտի տարածքում բրիտանացի մասնագետները 8 հոր են փորել՝ թենիսի դաշտի մեծությամբ: Այդ տարածքը բավական է եղել մի շարք հայտնագործություններ անելու համար:
Փորված անցքերից մեկում, որը հասնում է մինչև 900 մետր խորության, ճոպանին ամրացված տեսախցիկը քարերին կպած անհայտ տեսակի պինդ օրգանիզմներ է ֆիքսել, որը սպունգ է հիշեցնում: Սա առաջին դեպքն է, երբ անշարժ բենթոսային կենդանիներ են հայտնաբերվում:
«Այս հայտնագործությունը երջանիկ պատահականություններից մեկն է, որոնք ստիպում են մարդկանց այլ ուղղությամն շարժվել: Այն մեզ ցույց է տալիս, որ ծովային կյանքն Անտարկտիդայում անհավանական և զարմանահրաշ է` հարմարեցված է «սառցակալած» աշխահին»,- ասվում է հետազոտության թիմի ղեկավար Հյու Գրիֆիթսի հաղորդագրության մեջ:










