ԱՀԿ փորձագիտական առաքելությունը նոր բացահայտում է արել Ուհանում «Covid-19»-ի տարածման ժամկետների վերաբերյալ

10:59 • 15.02.21

Առողջապահության համաշխրարհային կազմակերպության փորձագետները, որոնք վիրուսի ծագման աղբյուրներն են ուսումնասիրում Չինաստանի Ուհան քաղաքում, նշաններ են հայտնաբերել՝ ըստ որոնց վիրուսի համաճարակը 2019 թվականի դեկտեմբերին կարող էր շատ ավելի լայն տարածում գտած լինել, քան կարծում էին նախկինում:

Ինչպես փոխանցում է CNN-ը, ԱՀԿ փորձագետներն այժմ մտադիր են ուսումնասիրել հարյուր հազարավոր արյան փորձանմուշների տվյալները, որոնց նկատմամբ հասանելիություն մինչ այս պահը չեն ունեցել:

ԱՀԿ առաքելության առաջատար փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը հայտնել է, որ իրենց հաջողվել է մի շարք նշաններ հայտնաբերել վիրուսի ավելի վաղ տարածված լինելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ անգամ հաստատվել է, որ դեկտեմբերի սկզբներին «Covid-19»-ի մի քանի տասնյակից ավել շտամներ են տարածված եղել Ուհանում:

Փորձագետները հնարավորություն են ունեցել զրուցելու Չինաստանում առաջին վարակված անձնավորության հետ, որը միջին տարիքի տղամարդ է և ճանապարհորդական պատմություն չունի: Վերջինս վարակվել է դեկտեմբերի 8-ին:
ԱՀԿ սննդի անվտանգության հարցերով մասնագետը հավելել է, որ փորձագիտական թիմին հայտնել են, որ Ուհանում 2019 թվականի դեկտեմբերին կորոնավիրուսով վարակման 174 դեպք է արձանագրվել:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 109 մլն-ը, մահացածներինը՝ 2.4 մլն-ը:

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը նոր բացահայտում է արել Ուհանում «Covid-19»-ի տարածման ժամկետների վերաբերյալ