Գիտնականները պարզել են՝ որ օրգանիզմները կարող են դիմանալ դեպի Մարս ուղևորությանը

11:59 • 22.02.21

Աստղակենսաբանները պարզել են, որ սև բորբոսի և մի շարք բակտերիաների սպորներ կարող են դիամանալ բաց տիեզերքով դեպի Մարս ուղևորվող տիեզերանավի թռիչքին,  փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Frontiers in Microbiology գիտական ամսագրին:

Ուսումնասիրության հրապարակված արդյունքներում նշվում է, որ մարսիական պայմաններ բակտերիաների և սնկային օրգանիզմների համար ապահովել են օդապարիկի օգնությամբ, որը մի քանի ժամ շարունակ գտնվել է Երկրի մակերեսից մոտ 38 կմ բարձրությամբ՝ ստրատոսֆերայում:

Գիտնականների խոսքով՝ այդ բարձրությամբ առկա ճառագայթման միջավայրը գրեթե հավասար է այն միջավայրին, որը դիտվում է Մարսի մթնոլորտի ստորին շերտերում և կարմիր մոլորակի մակերեսին:

Գիտափորձի ժամանակ կիրառված օրգանիզմները մասնագետները տեղադրել են օդապարիկին կցված սարքավորման մեջ, որտեղ ապահովել են Մարսին բնորոշ ջերմաստիճանն ու ճնշումը: Մարսիական «գիտարշավին» 4 տեսակի բակտերիաներ են մասնակցել, որոնք, սովորաբար, բնակվում են մարդու մաշկի վրա և կարող են որոշ վարակների առաջացման պատճառ դառնալ:  

Բակտերիաների՝ Երկիր վերադառնալուց հետո գիտնականները նկատել են, որ  դրանցից մի քանիսը դիմացել են ճանապարհորդությանը: Մասնագետների խոսքով՝ այս բացահայտումը պետք է հաշվի առնել տիեզերագնացների՝ Մարս ճանապարհորդության ժամանակ՝ նրանց առողջության պաշտպանությունն ապահովելու համար:

Գիտնականները պարզել են՝ որ օրգանիզմները կարող են դիմանալ դեպի Մարս ուղևորությանը