Իրանը կատարելագործում է գործողության երկար շառավիղով նոր մարտական անօդաչուն
Իրանի առաջին լայնաֆյուզելաժային մարտական անօդաչուի գործողության շառավիղը հասցվել է 3000 կմ-ի: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի օդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, որն այսօր այցելել է կատարելագործված անօդաչուի արտադրամաս:
Հրամանատարի խոսքով՝ «Քաման-22»-ն առաջին լայնաֆյուզելաժային մարտական անօդաչուն է, որն արտադրվում է տեղի փորձագետների կողմից:
«Համալրված մի շարք մարտական, օպտիկական և էլեկտրոնային համակարգերով՝ նորագույն անօդաչուն կարող է թռչել 24 ժամ շարունակ: Այն 3000 կմ գործողության շառավիղ ունի»,- ասել է իրանցի գեներալը:
Անօդաչուն կարող է կիրառվել մի շարք նպատակներով, ինչպես օրինակ՝ հերթապահություն իրականացնելու, հետախուզության, տվյալներ հավաքելու, լուսանկարներ անելու և օդային մարտական գործողություններին մասնակցելու:










