Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի պեղումների ժամանակ հնագետները գերազանց վիճակում պահպանված եզակի գտածո են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

22:15 • 27.02.21

Մ.թ. 79 թ. Վեզուվի հրաբխի ժայթքման պատճառով մոխրի տակ անցած հռոմեական հնագույն Պոմպեյ քաղաքի վայրում աշխատող հնագետները հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված քառանիվ կառք, գրում է pompeiisites.org-ը:

Նշվում է՝ Հին Պոմպեյից հյուսիս տեղակայված գյուղական ամառանոցի պեղումների ընթացքում հայտնաբերվել է քառանիվ կառք՝ լի երկաթե մասերով, գեղեցիկ բրոնզե զարդարանքներով և անագով (սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ,- Tert.am):

«Սա մեր գիտելիքների ընդլայնման համար անտիկ աշխարհի մասին անչափ կարևոր հայտնագործություն է», - հայտարարել է Պոմպեյի զբոսայգու տնօրենի պաշտոնակատար Մասիմո Օսաննան, նշելով՝ գտածոն հանդիսավոր կառք է, որը հավանաբար որոշ աղբյուրներում կոչվում է «Պիլենտում»:

«Այն ամեն օր չի օգտագործվել: Ամենայն հավանականությամբ, այն ոչ թե որպես գյուղատնտեսական տրանսպորտ է ծառայել, այլ արձակուրդների, շքերթների և երթերի ուղեկցորդների համար է նախատեսված եղել»,- բացատրել է նա:

Միևնույն ժամանակ հնէաբանների կարծիքով՝ կառքը «եզակի գտածո է, որը պահպանվել է գերազանց վիճակում և նմանօրինակը չունի ողջ Իտալիայում»:

Հիշեցնենք՝ հին հռոմեական Պոմպեյ քաղաքը, որը գտնվել է Նեապոլի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել է 1592 թվականին, բայց տարածքում պեղումները սկսվել են միայն 1748 թվականին: Այժմ Պոմպեյը բացօթյա թանգարան է: 

Մոխրի տակ անցած քաղաքի պեղումները դեռ շարունակվում են:

 

Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի պեղումների ժամանակ հնագետները գերազանց վիճակում պահպանված եզակի գտածո են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)