Թռչնագրիպի նոր տեսակը, հավանաբար, կփոխանցվի մարդուց մարդուն. «Ռոսպոտրեբնադզոր»  

09:34 • 12.03.21

Թռչնագրիպի նոր տեսակի վիրուսը A(H5N8), որը հայտնաբերվել էր ռուսական թռչնաբուծական գործարանի մի քանի աշխատակիցների մոտ, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխակերպվի և կկարողանա փոխանցվել մարդուց մարդուն: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է  «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Կանխատեսումը, որ դա տեղի կունենա, մեծ հավանականություն ունի: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա: Սակայն մենք դա նկատել ենք ավելի շուտ, քան աղետը տեղի կունենար»,- ասել է մասնագետը:

Պոպովան ընդգծել է, որ նման սցենարի զարգացմանը պատրաստվելու ժամանակ կա, որի ընթացքում կմշակվեն թեստերն ու պատվաստանյութ կստեղծվի: «Եթե պետք չգա, երջանիկ դեպք կլինի: Սակայն եթե անհրաժեշտո լինի, մենք պատրաստ կլինենք: Այսինքն, մենք կարողացանք տեսնել և զգուշացնել միջազգային հանրությանն այն մասին, որ սպառնալիք կա»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ այդ վիրուսի հայտնաբերումը «միջազգային մակարդակի բացահայտում» էր: Աշխատակիցների մոտ A(H5N8) վիրուսի հայտնաբերման մասին հայտնի էր դարձել փետրվարին:

Թռչնագրիպի նոր տեսակը, հավանաբար, կփոխանցվի մարդուց մարդուն. «Ռոսպոտրեբնադզոր»