ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են ապրիլին ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքն իրականացնել Մարսի վրա
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետները մտադիր են ապրիլի սկզբին իրականացնել Perseverance մարսագնացին կցված Ingenuity ուղղաթիռի առաձին փորձարկումները:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի մամուլի ծառայությանը, Ingenuity սարքի գլխավոր ծրագրավորող Բոբ Բելարամն ընդգծել է, որ թռիչքն, ամենայն հավանականությամբ, կկայանա «ապրիլի 8-ից ոչ շուտ, թեև այդ ամսաթիվը կարող է մի քանի օր հետաձգվել կամ առաջ բերվել»:
ՆԱՍԱ-ի մոլորակագիտության բաժնի ղեկավար Լարի Գլոյզի խոսքով՝ Ingenuity սարքը, որի զանգվածը կազմում է 1,8 կգ, կդառնա առաջին ուղղաթիռը, որը կթռչի այլ մոլորակում: Նա հավելել է, որ մասնագետները լուսանկարներ կստանան սարքին ամրացված տեսախցիկների միջոցով:
Հիշեցնենք, որ Perseverance մարսագնացը կարմիր մոլորակում վայրէջք է կատարել փետրվարի 19-ին: Առաջիկա ամիսների ընթացքում կստուգվի մարսագնացի բոլոր բաղադրյալ մասերի աշխատունակությունը: Մասնագետները հույս ունեն դրա օգնությամբ կյանքի հետքեր հայտնաբերել Մարսի վրա:










