AstraZeneca-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու նպատակով նոր հետազոտություն է իրականացնելու
AstraZeneca ընկերությունը տեղեկացրել է, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու նպատակով նոր հետազոտություն է իրականացվելու և արդյունքները տրամադրվելու են տվյալների անվտանգության մշտադիտարկման հանձնաժողովին: Համապատասխան առաջնային հետազոտության արդյունքները հրապարակվելու են առաջիկա 48 ժամվա ընթացքում:
Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով AstraZeneca ընկերության տարածած հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվաստանյութի 79 տոկոս արդյունավետության ցուցանիշը հիմնված է փետրվարի 17-ի տվյալների վրա։
«Մենք վերանայել ենք առաջնային հետազոտության նախնական գնահատումը և արդյունքները համահունչ էին միջանկյալ վերլուծությանը: Այժմ մենք ամփոփում ենք վիճակագրական վերլուծության ստուգումը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր լրատվականը, Միացյալ Նահանգները կասկածում է, որ AstraZeneca ընկերության ղեկավարությունը, որը նախօրեին հայտարարել էր կորոնավիրուսի ծանր ընթացող դեպքերի դեմ պատվաստանյութի 100 տոկոս արդյունավետության մասին, կարող է հնացած և թերի տվյալներ հրապարակել։










