BioNTech/Pfizer-ը սկսել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները 6 ամսականից բարձր և 11 տարեկանից ցածր երեխաների վրա

12:30 • 26.03.21

BioNTech/Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հայտարարել է 6 ամսականից բարձր և 11 տարեկանից ցածր երեխաների վրա կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին:

Առողջապահության ոլորտի մասնագետների և պատասխանատուների խոսքով՝ առանց երեխաներին պատվաստելու ԱՄՆ-ում հնարավոր չի լինի հասնել կորոնավիրուսի նկատմամբ  կոլեկտիվ  իմունիտետի  ձևավորմանը, հաղորդում է CNBC-ն:

Ընկերությունից հայտնել են, որ փորձարկման առաջին մասնակիցներն արդեն իսկ պատվաստվել են ընկերության մշակած պատվաստանյութով:

Թեստի առաջին փուլին, որի նպատակն է ուսումնասիրել պատվաստանյութի նախընտրելի դեղաչափը երեք տարիքային խմբերի (6 ամսականից 2 տարեկան, 2-5 և 5-11 տարեկան) համար, կմասնակցի 144 երեխա: 

Եթե մեծահասակների համար պահանջվում է ընդհանուր առմամբ 30 միկրոգրամ պատվաստանյութ, որը ներարկվում է 2 դեղաչափով, ապա երեխաների համար դեղամիջոցի նախնական մակարդակը սահմանվել է 10 միկրոգրամ:

Առաջին փուլի ավարտից հետո հետազոտողները կգնահատեն սահմանված դեղաչափի մակարդակի անվտանգությունն ու արդյունավետությունը: Երկրորդ փուլի համար երեխաները պատահականորեն կընտրվեն պատվաստանյութ կամ պլացեբո ստանալու համար: Վեցամսյա ուսումնասիրությունից հետո պատվաստանյութ ստանալու հնարավորություն կունենան այն երեխաները, որոնք պլացեբո են ստացել:

«Pfizer-ը երեխաների և նորածինների պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների երկար պատմություն ունի և հավատարիմ է երեխաների առողջության և բարեկեցության բարելավմանը մանրակրկիտ մշակված կլինիկական փորձարկումների միջոցով»,- մանրամասնել է ընկերությունը:

BioNTech/Pfizer-ը սկսել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները 6 ամսականից բարձր և 11 տարեկանից ցածր երեխաների վրա