Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդկանց է փոխանցվել 3-րդ կենդանու միջոցով. լաբորատորիայից արտահոսքի վարկածը քիչ հավանական է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և չինացի մասնագետների համատեղ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսային վարակը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդկանց է փոխանցվել երրորդ կենդանու միջոցով։ Փորձագետները կարծում են, որ լաբորատորիայից արտահոսքի վարկածը քիչ հավանական է, հայտնում է AP լրատվականը՝ հղում տալով ուսումնասիրության վերաբերյալ զեկույցին։
Հետազոտող խումբն առաջարկել է հետագա ուսումնասիրություններից բացառել լաբորատոր արտահոսքի վերաբերյալ վարկածը։ Ինչպես նշում է լրատվականը, զեկույցի հրապարակումը բազմիցս հետաձգվել է, ինչի հետևանքով հարց է առաջացել արդյոք չինական կողմը փորձել է փոխել հետազոտության արդյունքները, թե ոչ։
Հունվարի սկզբին Չինաստանի Ուհան քաղաք էին ժամանել փորձագետներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից և Ճապոնիայից՝ կորոնավիրուսի առաջացման պատճառները պարզելու համար։
Հիշեցնենք, որ վարակը հայտնաբերվել է Ուհանում 2019 թվականի դեկտեմբերին և համաճարակի վերածվել 2020-ի հունվարին, իսկ մարտին արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համավարակի մասին։










