Google քարտեզներում կհայտնվի նոր գործառույթ, որը վարորդներին կառաջարկի էկոլոգիապես առավել մաքուր երթուղիներ
Google քարտեզները կսկսեն ցույց տալ այն երթուղիները, որոնցից օգտվելով` վարորդը կնվազեցնի իր մեքենայից արտանետվող վնասակար արտանետումների ծավալը, գրում է BBC-ն:
Այդ անելու համար համակարգը կվերլուծի երթևեկությունը, տրանսպորտային միջոցների արտանետումների ծավալը և ճանապարհի թեք մակերեսները:
Գործառույթը ԱՄՆ-ում հասանելի կդառնա տարեվերջին, իսկ այլ երկրներում`ավելի ուշ:
«Երբ ծրագիրը գործարկվի, գեներացված երթուղին ինքնաբերաբար կառաջարկի էկոլոգիապես առավել մաքուր տարբերակը, եթե իհարկե օգտատերը չհրաժարվի դրանից: Այն իրավիճակներում, երբ այլընտրանքային երթուղիներ ընտրելը զգալիորեն ավելի արագ է, Google-ը վարորդին կառաջարկի տարբերակներ, որոնցում կներկայցվի գնահատվող արտանետումների ծավալը»,-ասել է Google-ի արտադրանքի հարցերով տնօրեն Ռասել Դիքերը:
Նա հավելել է, որ Google քարտեզները հաշվի կառնեն նաև GoogleStreetView հավելվածի տրամադրած տվյալները: Այն թույլ է տալիս ստանալ և դիտարկել աշխարհի շատ քաղաքների փողոցների համայնապատկերային տեսարանները մոտ 2,5 մետր բարձրությունից: Բացի այդ, ընկերությունը կօգտագործի արբանյակային պատկերներ:










