Moderna-ն հետազոտության արդյունքում պարզել է, որ իր պատվաստանյութի արդյունավետությունն ավելի ցածր է, քան նախկինում հայտարարվել էր
Moderna կենսատեխնիկական ընկերությունը հետազոտությունից հետո պարզել է, որ իր մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունն ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր, գրում է DW-ն:
Նշվում է՝ 2020 թվականի դեկտեմբերին ընկերության մշակած Moderna հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվում էր 94,1%: Այժմ պարզվել է, որ դեղամիջոցը վարակումը կանխում է 90 տոկոսով, իսկ հիվանդության ծանր ընթացքը`95 տոկոս դեպքերում: Այս եզրակացությունն արվել է ավելի քան 30 հազար մարդու մասնակցությամբ կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքներից հետո:
Հետազոտության արդյունքները հրապարակված են American Journal of Obstetrics and Gynecology ամսագրերում:
Հիշեցնենք՝ փետրվարին Moderna-ն հայտարարել էր, որ մշակել է իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն արդյունավետ է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված կորոնավիրուսի շտամի դեմ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Փորձագետների խոսքով՝ այս տեմպերով շարունակելու դեպքում տարիներ կպահանջվեն համաշխարհային իմունիզացիայի հասնելու համար:










