«Քնած գեղեցկուհին». 17-ամյա ինդոնեզիացի աղջիկն առողջական խնդրի պատճառով կարող է քնած մնալ մինչև 13 օր

15:43 • 14.04.21

Ինդոնեզիայի Հարավային Կալիմանտան նահանգում բնակվող 17-ամյա աղջկան սկսել են կոչել «իրական քնած գեղեցկուհի» վերջինիս մոտ ի հայտ եկած առողջական խանգարման պատճառով, որը ստիպում է աղջկան օրերով քնած մնալ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Էչա անունով աղջկա մոտ նման խանգարումն առաջին անգամ նկատվել է 4 տարի առաջ, երբ նա քնած էր մնացել 13 օր: Դրանից հետո նրա հետ ևս երկու նման դեպք է տեղի ունեցել, երբ աղջիկը քնել է մեկ ու կես օր: Անցյալ շաբաթ դարձյալ գլուխ է բարձրացրել «քնելու մոլուցքը»:   

Երբ աղջիկը քնից չի արթնացել 7 օր շարունակ, ծնողները նրան տարել են տեղի հիվանդանոցներից մեկը, սակայն նրա հետազոտության պատասխանները ոչ մի արտառոց բան չեն հայտնաբերել օրգանիզմում: Էչան ինքնուրույն արթնացել է քուն մտնելու 9-րդ օրը: Արթնանալուց հետո դեռ, բժիշկների խոսքով, նա շատ թույլ է եղել:

Մասնագետները դեռ չեն պարզել, թե ինչն է ստիպում աղջկան այդքան երկար քնել, սակայն նրանց կարծիքով՝ ախտանշանները հուշում են, որ աղջկա մոտ հազվադեպ նյարդաբանական խանգարում է, որը ստիպում է մարդուն չափազանց քնկոտություն զգալ օրվա ընթացքում և քնել բավականին երկար ժամանակ: Նշվում է, որ այս խնդիրն ունի մի քանի դրսևորումներ, ինչպես նաև առաջացման տարբեր պատճառներ՝ նյարդաբանական խանգարումներից մինչև գենետիկ գործոն կամ հոգեբանական տրավմա:

Աղջկա հայրը նշել է, որ մի քանի անգամ փորձել է արթնացնել աղջկան, սակայն անօգուտ: Նրա խոսքով՝ աղջիկը կարողանում է ծամել, ուտելիք ու ջուր կուլ տալ քնած ժամանակ:  

«Քնած գեղեցկուհին». 17-ամյա ինդոնեզիացի աղջիկն առողջական խնդրի պատճառով կարող է քնած մնալ մինչև 13 օր