Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ցողունային բջիջներ պարունակող կապկի սաղմ են ստեղծել

16:07 • 16.04.21

Ամերիկացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ կապիկների սաղմերի մեջ մարդու ցողունային բջիջներ են աճեցրել, որպեսզի ավելի լավ հասկանան` ինչպես են բջիջները զարգանում և փոխգործակցում միմյանց հետ, գրում է Mirror-ը՝ նշելով, որ բրիտանացի որոշ մասնագետներ այդ կապակցությամբ մտահոգություն են հայտնել՝ ընդգծելով, որ հիբրիդի ստեղծումը «լուրջ բարոյական և իրավական խնդիրներ է ստեղծում»։

Այսպես կոչված մարդու և կապիկի քիմեռը (ոչ համածին հյուսվածքներից գոյացած մարմին- Tert.am) ստեղծել է Կալիֆորնիայի Սոլքի համալսարանի (Salk Institute) կենսաբանների թիմը։

Մասնավորապես՝ նրանք հատուկ սարքավորված լաբարատորիայում մարդու ցողունային բջիջները դրել են մակակի (կապիկների տեսակ, որն ապրում է Աֆրիկայում և Ասիայում) սաղմերի մեջ, որից հետո 20 օրվա ընթացքում քիմեռ է ձևավորվել:

Նշվում է, որ Cell ամսագրում հրապարակված այս ուսումնասիրությունը կարող է հավանական նոր պատկերացում տալ էվոլյուցիայի մասին: Այն նաև կարևոր է մարդկային կենսաբանության նոր մոդելների մշակման և հիվանդությունների ուսումնասիրության համար:

Հայտնի է, որ գիտնականները քիմեռի ուսումնասիրությունից հետո ոչնչացրել են այն:

Նշենք, որ 2017 թվականին մի խումբ գիտնականներ կենսաքիմիկոս Իզպիսուա Բելմոնտեի գլխավորությամբ ստեղծել էին մարդու և խոզերի առաջին հիբրիդը:

 

 

 

Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ցողունային բջիջներ պարունակող կապկի սաղմ են ստեղծել