Կլիմայի փոփոխությունը սպիտակ արջերին «ստիպել է» զուգավորվել գորշերի հետ. The Independent-ը մանրամասնել է՝ ինչ վտանգներ կարող է պարունակել կենդանիների նման վարքագիծը
2006 թվականին Կանադայի բևեռային հատվածի Հյուսիսարևմտյան ետարածքների տեղի բնակիչներն անսովոր բևեռային արջ էին նկատել: Նրա մորթու վրա շագանակագույն բծեր են երևացել, իսկ դունչը բնորոշ չի եղել տվյալ տեսակին: Որսորդները սպանել են արջին, իսկ ԴՆԹ հետազոտությունը հաստատել է գիտնականների գուշակությունը՝ այն է՝ կենդանին իսկապես սպիտակ արջի և գորշ արջի հիբրիդ է եղել: Բացի այդ, 2010-ին ևս 1 նման դեպք է արձանագրվել: Կանադայի նույն Արկտիկական շրջանում, որսորդները ևս մեկ արջի են սպանել, որը հետագայում պարզվել է՝ հիբրիդ մոր և գորշ արջի խառնուրդ է եղել, գրում է The Independent-ը:
Թենեսիի Վանդերբիլտի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, հնէաբան Լարիսա Դեսանտիսը The Independent-ի հետ զրույցում մանրամասնել է, որ կլիմայի փոփոխությունը որոշիչ դեր է խաղացել նման հիբրիդների առաջացման գործում: Նրա խոսքով՝ Արկտիկայում եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը հանգեցրել է ծովի սառույցի, այսինքն՝ սպիտակ արջերի որսատեղերի կրճատման:
Դեսանտիսի վերջին հետազոտությունը վերաբերում է արջերի սննդակարգին և դրա վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը: Բևեռային արջերը «մասնագիտացած» գիշատիչներ են, որոնք որսում են փոկեր: Սակայն այժմ գիտնականները լուրջ անհանգստանում են սպիտակ արջերի ճակատագրով, որոնք գուցե ժամանակ չունեն հարմարվելու իրենց բնակավայրի փոփոխվող պայմաններին:
«Որքան պակաս մատչելի է նրանց հիմնական որսը Արկտիկայի ավելի տաք ջերմաստիճանի պատճառով, այնքան ավելի հաճախ են սպիտակ արջերը ստիպված որոնել այլընտրանքային սննդի աղբյուրներ՝ հիմնականում մարդկային թափոնների մեջ: Ի տարբերություն բևեռային արջերի, գորշերը շատ ավելի քիչ ընտրողաբար են մոտենում իրենց սննդին: Նրանց ստամոքսը հիանալի մարսում է ինչպես բույսերի արմատները, այնպես էլ կենդանիների լեշերը, եթե այլ սնունդ չգտնեն: Կլիմայի փոփոխության պատճառով գորշ արջերն ուղևորվում են ավելի հյուսիս՝ սնունդ փնտրելու համար, որտեղ սպիտակ արջերը ստիպված են մրցել գորշերի հետ ավելի ու ավելի սակավ սննդի աղբյուրների համար՝ միևնույն ժամանակ զուգավորվելով նրանց հետ»,- նշում է Դեսանտիսը:
Պրոֆեսորի խոսքով՝ սա անհանգստացնում է գիտնականներին, քանի որ այդպիսի միջտեսակային խաչասերումը ազդեցություն կունենա կենսաբազմազանության վրա, որն էլ կարող է հանգեցնել տեսակներից մեկի ոչնչացմանը կամ փոխարինմանը:
Նշենք՝ դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի նման հիբրիդ է ապրում բնության մեջ:












