Իսրայելում Pfizer-ով պատվաստումներից հետո սրտամկանի բորբոքման 10-յակ դեպքեր են հայտնաբերվել. Reuters

16:55 • 26.04.21

Իսրայելում սրտամկանի բորբոքման տասնյակ դեպքեր են հայտնաբերվել կորոնավիրուսի դեմ պատվաստված ավելի քան 5 միլիոն մարդկանց շրջանում:

Այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ դեպքերը հիմնականում արձանագրվել են այն բնակիչների մոտ, որոնք ստացել են Pfizer ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

«Առողջապահության նախարարությունը ներկայում ուսումնասիրում է, թե արդյոք դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել պատվաստանյութով»,-ասել է Իսրայելում համաճարակային ծրագրերի համակարգող Նախման Աշը՝ հավելելով, որ մինչ այժմ պաշտոնական եզրակացություններ չեն արվել:

Նրա խոսքով՝ սրտամկանի բորբոքման դեպքերի մեծ մասը գրանցվել է 30 տարին չլրացած մարդկանց շրջանում: Այնուամենայնիվ, դժվար կլինի պարզել սրտային հիվանդության և պատվաստումների միջև կապը, քանի որ միոկարդիտ կարող է առաջանալ տարբեր վիրուսների ազդեցության հետևանքով:

«Նախորդ տարիներին ևս սրտամկանի բորբոքման նման քանակությամբ դեպքեր էին գրանցվել»,- վստահեցրել է Նախման Աշը:

Դեպքի առնչությամբ Pfizer-ը հայտնել է, որ պարբերաբար կապի մեջ է Իսրայելի առողջապահության նախարարության հետ՝ իր պատվաստանյութի վերաբերյալ տվյալները ստուգելու համար:

Ընկերությունը, մասնավորապես, հայտարարել է, որ «տեղյակ է միկրոկարդիտից, որն առաջացել է հիմնականում այն երիտասարդների շրջանում, որոնք ստացել են Pfizer-BioNTech-ի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելը կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային առաջատարներից է: Երկրում ավելի քան 5,3 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 5 միլիոն մարդ՝ երկրորդ դեղաչափը: Ամբողջությամբ պատվաստել է երկրի բնակչության 54 տոկոսը և մեծահասակների (16 տարեկանից բարձր) շուրջ 74 տոկոսը:

 

Իսրայելում Pfizer-ով պատվաստումներից հետո սրտամկանի բորբոքման 10-յակ դեպքեր են հայտնաբերվել. Reuters