Հայաստանի տեսանկյունից միջանցք չի լինելու, ՀՀ պետական սահմանից ներս գտնվող ցանկացած սմ հողի նկատմամբ վերահսկողությունը լինելու է ՀՀ-ինը. Արման Եղոյան (տեսանյութ)

13:59 • 16.12.21

Երևանի ավագանին և քաղաքապետը ընտրվում են քաղաքական ընտրության հետևանքով, ներկայացնում են քաղաքական թիմեր, այնպես, ինչպես ԱԺ-ում չի կարող, օրինակ, քաղաքական թիմից դուրս եկած պատգամավորը լինել ԱԺ նախագահ, տեղակալ, նույն տրամաբանությունը գործում է Երեւանի ավագանու դեպքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով Երևանի ավագանում «Իմ քայլը» խմբակցության կողմից քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Հարցին` ինչպես է վերաբերվում Ալիևի` Հայաստան վերադարձած գերիներին ձերբակալելու և խոշտանգելու հայտարարությանը, Եղոյանը պատասխանեց. «Ուզում եք Ալիևի հայտարարությունը տարածել Հայաստանո՞ւմ, ես չեմ ուզում դրան արձագանքել, ինչո՞ւ եք դա բերում  ներքաղաքական օրակարգ։ Ալիևը ասում է այն, ինչ իրեն է ձեռնտու»։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, Եղոյանը ասաց.

«Հայաստանի տեսանկյունից միջանցքը չի լինելու, մենք թույլ չենք տալու դա, Ալիևը այո ուզում է , մենք չենք ուզում և տեղի է ունենում կարծիքների բախում։ Այն, ինչ կատարվում է Գորիս- Կապան ճանապարհին, դա միջանցքի հակառակն է, այնտեղ կա մաքսակետ և իրենք մաքսեր են գանձում, միջանցքը այն է, երբ մաքսակետ չկա։ Էքտրատերիտորիալ տարածք չի լինելու, հետևաբար՝ միջանցք չի լինելու։ ՀՀ պետական սահմանից ներս գտնվող ցանկացած սմ հողի նկատմամբ վերահսկողությունը լինելու է ՀՀ-ինը, թե ինչպես կվերահսկվի այդ տարածքը, ինչ կարգով և ինչ մաքսավճարով, դա որոշելու է ՀՀ-ն։ Ստուգվելու է, թե երկաթուղիով ինչ բեռներ մտան Հայաստան, ինչ գնով և ուր գնացին»։

Անդրադառնալով հարցին` հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Հայաստանը հրաժարվի Արցախի ինքնորոշման, Ցեղասպանության հարցերից, Եղոյանը նշեց, որ թուրքական կողմից նախապայմաններ չեն առաջադրվել։

«Դուք չե՞ք լսել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, եթե այնտեղ նախապայման հնչեցվել է, ասեք, ես էլ իմանամ»,–ասաց նա։

Արման Եղոյանը նշեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի համար ՀՀ-ն հիմք է ընդունում ՌԴ Գենշտաբի կողմից տրամադրված 1926 թ․ քարտեզը, որտեղ ՀՀ սահմանը կազմում է ոչ թե 29.800 ք/կմ, այլ 31.000 և դա է պատճառը, որ Ադրբեջանը ձգձգում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։