ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում (տեսանյութ)

16:32 • 23.05.22

«Yerevan Tech forum 2022»-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

Խոսելով այն մասին, թե ինչ կարևորություն ունեն ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, Յիրիկյանը նշեց․«Նմանատիպ ցանկացած ծրագիր խթանում է Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Այսպիսին, ինչպիսին ՏՏ ոլորտն է, որն ունի նման զարգացում, հավասարը հավասարին քայլում է աշխարհի հետ, կարող է հանդիսանալ կարևոր շարժիչ ուժ մեր տնտեսության համար, որովհետև այս ոլորտից կախված են շատ այլ ոլորտներ։ Տեխնոլոգիական ոլորտի բարձր զարգացումը կկարողանա մատուցել ՏՏ ոլորտի այնպիսի որակյալ ծառայություններ, որ այլ ոլորտներ կարող են օգտագործել իրենց բիզնեսի կայացման համար՝ կլինեն դրանք առողջապահական, արդյունաբերության ոլորտները, թե տարբեր այլ ծառայություններ մատուցող ոլորտներ»։

Հարցին՝ ՌԴ-ից և այլ երկրներից ՀՀ ժամանած ՏՏ ոլորտի մասնագետների գործունեությունը ինչպիսի ազդեցություն է ունենում Հայաստանի հեռահաղորդակցային շուկայի վրա, Յիրիկյանը պատասխանեց․«Ցանկացած ընկերություն, հատկապես ՏՏ ոլորտի, երբ հաստատվում է մեր տնտեսությունում, ողջունելի է, որովհետև այն իր հերթին ստեղծում է նոր հնարավորություններ, նոր աշխատատեղեր, շրջանառություն, խթանում է մրցակցությանը։ Եթե խոսքը հեռահաղորդակցային ոլորտի մասին է, ապա այն դառնալու է ավելի մրցունակ։ Այդ մրցակցությունից միայն շահելու է Հայաստանի տնտեսությունը»։

Անդրադառնալով այն հարցին, թե ՏՏ խոշոր ընկերությունների տեղափոխումը Հայաստան ի՞նչ կերպով է ազդելու աշխատաշուկայի, աշխատանքային պայմանների և այլնի վրա, Յիրիկյանը նշեց․«Մի կողմից դա ստեղծելու է մրցակցություն աշխատանքի, աշխատանքային պայմանների առումով, նոր հնարավորություններ, մյուս կողմից կարող է որոշակի  խնդիրներ առաջացնել, որովհետև սկսվելու է աշխատանքային ուժի «որս»։ Ընկերությունները ամեն ինչ պետք է անեն իրենց ամենաթանկ՝ մարդկային ռեսուրսը պահելու համար։ Այդ մրցակցությունը պետք է լինի առողջ հիմքերի վրա, որից շահելու է միայն ՀՀ տնտեսությունը»։