Մեծ գիտելիք է եկել Հայաստան, պետք է գտնենք ձևեր, թե ինչպես ստանալ և փոխանցել այդ գիտելիքը տեղական կազմակերպություններին․ Արտյոմ Շամցյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում (տեսանյութ)

14:53 • 24.05.22

Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի հետ։

Նա նշեց, որ Yerevan Tech Forum 2022-ը կարող է լավ հարթակ դառնալ ՏՏ ոլորտում նոր գաղափարների իրագործման և նոր համագործակցությունների առումով։

«Տարբեր կազմակերպությունների, ստարտափերի, դրսից ժամանակ շատ մասնագետների միջև նոր կապեր հաստատելու առումով  շատ հետաքրքիր ժամանակահատվածում է այն կազմակերպվել։ Տեսնելով դրսից նոր կազմակերպությունների և մասնագետների հոսքը՝ նոր հնարավորություններ կարող են մեր առաջ բացվել»,- ասաց Արտյոմ Շամցյանը։

Հարցին՝ ի՞նչ կերպով է աշխարհում առկա ճգնաժամը ազդել ստարտափ էկոհամակարգերի և առհասարակ ներդրումային քաղաքականության վրա, Արտյոմ Շամցյանը նշեց․ «Ցանկացած ճգնաժամ մաքրում է շուկան, այսպես ասած «market correction» է տեղի ունենում։ Այն շուկայից  դուրս է հանում այն ստարտափերը, որոնց բիզնես մոդելը իրականում աշխատող չէր։ Երբ ներդրումներ ստանալը դառնում է դժվար, երևում է, որ բիզնես մոդելը աշխատող չէր։ Ստարտափերի տեսանկյունից կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է, որովհետև շուկայից դուրս կգան «հայփ» ունեցող ստարտափերը և կմանան նրանք, որոնք իսկապես ունեն աշխատող բիզնես մոդել»։

Խոսելով տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող նորարություններին և փոփոխություններին համաչափ քայլելու Հայաստանի հնարավորությունների մասին, Շամցյանը ասաց․ «Շատ կարևոր է սերվիսների հասանելությունը, մարդիկ, երբ գալիս են այլ երկիր, ցանկանում են բանկում հաշիվ բացել, շատ պրոդուկտներ պատվիրել օնլայն և այլն։ Շատ կարևոր է հենց այդ ծառայությունների հասանելությունը, պետք է համագործակցություն լինի տարբեր ուղղությունների միջև։ Դրանց հիման վրա, կարծում եմ, կարող ենք էապես բարձրացնել կյանքի որակը»։

Արտյոմ Շամցյանի կարծիքով՝ տեղական բիզնես համայնքի և դրսից ժամանած ՏՏ ոլորտի մասնագետների միջև հնարավոր է որոշակի սիներգիա։

«Մեծ գիտելիք է եկել Հայաստան և մենք պետք է գտնենք ձևեր, թե ինչպես ստանալ և փոխանցել այդ գիտելիքը, որպեսզի տեղական կազմակերպություններում մշակույթ փոխենք։ Մեր բիզնես միջավայրը ավելի մոնոմշակութային է, դրսից գալիս են կազմակերպություններ, ստարտափեր, որոնք նոր բիզնես մշակույթ են իրենց հետ բերում։ Կարծում եմ՝ համագործակցության ձևեր պետք է գտնենք և «Yerevan Tech Forum 2022»-ը հենց այդ ձևերից մեկն է»,- ասաց Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։