«Դիմադրություն» շարժումը երթ իրականացրեց դեպի կառավարական ամառանոցներ, ապա վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ (տեսանյութ)

19:22 • 04.06.22

Ֆրանսիայի հրապարակում այսօր, հունիսի 4-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Ելույթներ ունեցան «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ Արմեն Ալավերդյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա մկրտչյանը, Հայաստանի Հանրապետակաան կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Հովհաննես Խաչատրյանը, «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը,

Ցուցադրվեց Կառավարական ամառանոցների մոտ երեկ՝ հունիսի 3-ի երեկոյան ոստիկանության վայրագությունների մասին տեսանյութ:

Ցուցադրվեց կարճ տեստեսահոլովակ նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված հերոս Հայկազ Մկրտչյանին, որից հետո բեմահարթակ բարձրացավ հերոսի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ում նկատմամբ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ սև բերետավորները գործադրել էին անհամաչափ ուժ, պատռել զոհված տղայի նկարով շապիկը եւ գցել գետնին:

Մենք այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք, մենք ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ էլ փախչող. ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն հարցադրումներին, թե երբ բախումներ են տեղի ունենում, ով է պատասխանատվություն կրում:

«Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ մենք այսօր այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ: Մեզ հանուն մեր երկրի, մեր երեխաների, ծնողների, մեր պետականության պատասխանատվությունն է բերել այս հրապարակ: Մենք կարող էինք շատերի պես խուսափել այդ պատասխանատվությունից, զբաղվել մեր ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելույթներ ունենայինք, իմիտացիա անեինք, քննադատեինք ու անտարբերությամբ տեսնեինք, թե ոնց են մեր երկիրը կտոր-կտոր հանձնում թշնամուն: Բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հայտարարել ենք, որ մտնում ենք այդ պատասխանատվության տակ՝ հասկանալով դա ինչ է նշանակում ու գնում ենք մինչև վերջ», -ասաց նա

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը առաջարկեց Մաշտոցի պողոտայով քայլերթ կատարել դեպի գնալ կառավարական առանձնատներ, որից հետո կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ:

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը Մաշտոցի պողոտայով շարժվեց առաջ։

Ողջ երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները կանգ առան կառավարական առանձնատների մոտ:

Կառավարական առանձնատների մոտ վահաններով և սաղավարտներով զինված ոստիկանները պատ էին կազմել:

Իշխան Սաղաթելյանը առաջարկեց միացնել հեռախոսի լույսերը. «Այս լույսի մեջ խորհուրդ կա: Մենք այս լույսերով դուրս ենք բերելու մեր երկիրը խավարից»,- ասաց նա: