Վաղը հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ Լավրովին տեղեկացնելու, որ իրենց հետ պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ Ի․ Սաղաթելյան

16:38 • 08.06.22

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցով պայմանավորված՝ վաղը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։

Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները:

Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:

P.S. Սիրելի հայրենակիցներ, իսկ վաղը 19:00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի: