Կրեմլը մեկնաբանել է ՌԴ հերոս Դելիմխանովի՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ հայտարարությունը

14:57 • 09.06.22

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի այն բանից հետո, երբ կատարվեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարի առաջադրած խնդիրները։

«Նախագահ Պուտինը նախանշել է հատուկ ռազմական գործողության առջև ծառացած խնդիրները։ Այս խնդիրների կատարումը կնշանակի հատուկ ռազմական գործողության ավարտ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել Պետդումայի պատգամավոր, ՌԴ հերոս Ադամ Դելիմխանովի խոսքերն Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի ժամկետների մասին։ Ավելի վաղ Դելիմխանովը, որը մասնակցել է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն Ուկրաինայում և Դոնբասում, հույս էր հայտնել, որ գործողությունը կավարտվի 2022 թվականի վերջին։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ դեռ վաղ է խոսել հատուկ գործողության ավարտի մասին, գրում է gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խորհրդական Ադամ Դելիմխանովին ապրիլին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Դելիմխանովն այս կոչմանն արժանացել է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում իրականացված հատուկ գործողության ընթացքում ցուցաբերած  հերոսության համար։