Ուկրաինան արգելել է մեքենաների պետհամարանիշերում V և Z տառերի կիրառումը
Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներն ընդունել են օրենք, որն արգելում է երկրում գրանցված ավտոմեքենաների պետհամարանիշներում V և Z տառերի կիրառումը։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Укравтопром-ին։
Նշվում է, որ ներկայում Ուկրաինայում գրանցված է մոտ 16 000 ավտոմեքենա, որոնց պետհամարանիշները պարունակում են V և Z նշանները։ Արդեն թողարկված պետհամարանիշները հնարավոր է փոխարինել այլերով՝ ՆԳՆ սպասարկման կենտրոնում համապատասխան դիմում ներկայացնելով և վճարում կատարելով։ Նոր գրանցված մեքենաների համար V և Z նշանները հասանելի չեն լինի:
Նշենք, որ լատինական Z և V տառերը, որոնք ի սկզբանե հայտնվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսական զինտեխնիկայի վրա, վերջերս դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական բանակի գործողություններին աջակցելու բավականին տարածված խորհրդանիշներ:










