Երևանում կկայանա թվային փոխակերպմանը նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը  

14:35 • 14.06.22

 

Հունիսի 17-ին Մատենադարանում կկայանա SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային փոխակերպմանը:

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջացառմանը աջակցում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Այսօր կայացավ միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանի և Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում կազմակերպության

նախագահ Աշոտ Հովանեսյանի մասնակցությամբ:  

«Հունիսի 17-ին հետաքրքիր միջոցառում է սպասվում։ Խոսելու ենք ամենապահանջված թեմաներից՝ թվային փոխակերպում, կիբեռանվտանգություն, ֆինթեք։ Մասնակցելու են ղեկավարներ, փորձագետներ և խոսնակներ ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից։ Պանելային քննարկումների ընթացքում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները, բանկային համակարգի մասնագետները, ինչպես նաև հրավիրված արտասահմանցի  և տեղի փորձագետները քննարկելու են Հայաստանի թվայնացման հետ կապված խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև կիսվելու են իրենց փորձով»,- նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ընդգծելով, որ ուշադրություն է դարձվելու ամենաարդիական խնդիրներին՝ ներառյալ թվայնացման ռազմավարությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունը:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միությունն իր գործընկերների հետ միասին արդեն 3-րդ տարին է կազմակերպում Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։

«Ուզում եմ նշել, որ «Silicon Mountains»-ը ՏՀՏ գործատուների միության համար միայն գագաթնաժողով չէ․ այն գաղափարախոսություն է, որի շուրջ մենք ուզում ենք միավորել հնարավորինս շատ սրտացավ մարդկանց ամբողջ աշխարհից։ Մենք նպատակ ունենք դիրքավորելու մեր երկիրը աշխարհում՝ որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր: Այս տարի միջոցառումը իրականացնում ենք ՀՀ ԿԲ-ի աջակցությամբ և այն նվիրված է թվային փոխակերպմանը։ Շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ Միության թիրախում է թվայնացումը և ՏՀՏ լուծումների տարածումը տնտեսության տարբեր ճյուղերում»,- ընդգծել է նա:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանի խոսքով, գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից ֆինանսական համակարգի ձևավորման միջոցով տարածաշրջանում առաջատարի դիրքը ստանձնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարության անկյունաքարային ուղերձներից է: 

«Տարբեր խելացի ենթակառուցվածքների ստեղծման, դրանով թվային ֆինանսական ծառայությունների արագ զարգացմանը, գլոբալացմանը  նպաստելու, կիբեռանվտանգության բարձրագույն մակարդակի ապահովման, քաղաքացիների անձնական տվյալների անվտանգության պահպանման, ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության դաշտում մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և այլ առաջատար տեխնոլոգիաների միջոցով արդյունավետության և օպտիմալացման բարձրացման արդյունքում հավատացած ենք, որ ֆինանսական համակարգը կապահովի և կարտահանի նոր որակի ֆինանսական ծառայություններ:

Այս առումով ուրախ ենք աջակցել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների  գործատուների միությանը «SILICON MOUNTAINS 2022» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի կազմակերպման հարցում և վստահ ենք, որ գագաթնաժողովը օգտակար կլինի թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածի համար ներկայացնելու, քննարկելու և բարելավելու իրենց թվային տրանսֆորմացիայի օրակարգերը»,- նշել է նա:

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում կազմակերպության

նախագահ Աշոտ Հովանեսյանի խոսքով, թվային տրանսֆորմացիան պարզապես հին գործիքների փոխարինումը չէ թվայնացված գործիքներով:

«Փոխարենը, դա ենթադրում է տեխնոլոգիայի և տեխնոլոգիան օգտագործելու վերաբերյալ մարդկանց մտածելակերպի համապարփակ փոփոխություն: Այնպես որ, թվայնացումը դա դեռ թվային տրանսֆորմացիա չէ։ Վերջերս այդ տերմինը շատ հաճախ է հնչում տարբեր հարթակներից։ Բայց սիրեք, թե ոչ, տերմինի հիմքում ընկած են բիզնեսի մանդատները՝ գործառնական հին մոդելների վերանայում, ավելի շատ փորձարկումներ, ավելի ճկուն արձագանք հաճախորդներին և մրցակիցներին, և այլն»:

Աշոտ Հովանեսյանը նշել է, որ COVID-19 համաճարակը արագացրել է թվային փոխակերպման նպատակներին հասնելու արդիականությունը, և շատ կազմակերպությունների ստիպել է արագացնել վերափոխման աշխատանքները:

«Մեր ընկերությունը, համընթաց գնալով համաշխարհային փոխակերպման հետ, 1997 թվականից ի վեր օգնում է կառավարություններին ու միջազգային կազմակերպություններին օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ուժը սոցիալական ազդեցության համար, այդ նպատակով մշակելով և առաջարկելով համապատասխան գործիքակազմ»,- հավելել է նա: 

Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում: Այս տարվա թեմաներն են՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն:

Գագաթնաժողովի  ընթացքում կկայանա երկու պանելային քննարկում: Թվային փոխակերպում պանելային քննարկումը կվարի ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտ տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը: Քննարկման մասնակիցներն են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Ամերիկայի առևտրի պալատըՀայաստանում կազմակերպության նախագահ Աշոտ Հովանեսյանը։

Ֆինթեքին նվիրված պանելային քննարկումը կվարի «Ստակ Մանի Տրանսֆեր» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը: Մասնակիցներն են՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, «Ակբաբանկ» ԲԲԸ-ի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ  Տիգրան Սիմոնյանը, «ՄոբիԴրամ»ՓԲԸ գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թվային բանկինգի տնօրեն, վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը, «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը և Էվոկաբանկի Թվային բիզնեսի վարչության պետ Ռուբեն Սաղոյանը:

Միջոցառմանը կարող են մասնակցել միայն հրավիրված մասնակիցները՝ գրանցվելով այստեղ: Միջոցառումը հասանելի կլինի նաև ուղիղ հեռարձակմամբ՝ Facebook և Youtube և news.am հարթակներում։

Նախորդ տարվա միջոցառմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

SILICON MOUNTAINS 2022-ի գլխավոր գործընկերն է Cisco ընկերությունը, աջակիցը` ՀՀ Կենտրոնական բանկը։ Գործընկերներն են հետևյալ ընկերությունները և կառույցները` «Յունիքոմփ» ՓԲԸ, «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Հայլինք թեքնոլոջիզ» ՍՊԸ, «Սոլարա» ՍՊԸ, Տեսլա Էներջի,Վիասֆեր Տեխնոպարկ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում: Ինֆորմացիոն աջակիցն է news.am-ը։